

Հիշատակի պուրակ Արմավիրի քաղաքային զբոսայգում ` նվիրված արցախյան ազատամարտում անհայտ կորած ազատամարտիկներին: Պուրակը հիմնվել է հայկական կարմիր խաչի ընկերության, կարմիր խաչի միջազգային կոմիտեի «Սատարում անհայտ կորածների ընտանիքներին» ծրագրի շրջանակներում ` Արմավիրի քաղաքապետարանի համագործակցությամբ: Ծառատունկին մասնակցել են անհայտ կորած ազատամարտիկների հարազատները:
41 ծառ՝ 41 անհայտ կորած արմավիրցի ազատամարտիկների հիշատակին: Արմավիրի քաղաքային զբոսայգու մի հատվածն այսուհետ կկոչվի հիշատակի պուրակ, որը որոշակի սփոփանք է կորած ազատամարտիկների հարազատների համար, թեև նրանք երբևէ հույսը չեն կորցնում կրկին ու կրկին հանդիպելու որդուն, ամուսնուն, եղբորը, որոնք արդեն 23 տարի անհայտ կորել են: Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղից անհայտ կորած ազատամարտիկ Վանիկ Կարապետյանի կինը՝ Էմման, դեռ սպասումների մեջ է, նրա աչքը միշտ ճանապարհին է ու դռանը:
Էմման 36 տարեկանից է այրիացել և 3 երեխաներին ու տարեց սկեսրոջը խնամել է միայնակ: Այժմ նա 9 թոռ ունի, իսկ ամուսնու մայրը 90 տարեկան է:
Տարիներն անցնում են, սակայն անհայտ կորածների հարազատները կարմիր խաչի միջոցով ցանկանում են որևէ տեղեկություն լսել նրանց մասին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակներում ղարաբաղյան հակամարտության հետևանքով 4541 անհայտ կորած անձի վերաբերյալ որոնման հայտեր են գրանցվել, որոնցից 400-ը՝ Հայաստանում:
«Սատարում անհայտ կորածների ընտանիքներին» ծրագրի շրջանակներում Արմավիրի քաղաքային զբոսայգում Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի հոգևոր առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի առաջնորդությամբ օրհնվեց հիշատակի պուրակի համար առանձնացված հողատարածքը: Տնկիների ամեն մի ճյուղի հետ վերընձյուղվելու են ազատամարտիկների յուրաքանչյուր օրվա հուշերը: Որդու հիշատակին մեկ ծառ էլ տնկեց «Արծիվ 13» ջոկատի հրամանատար Ռուբիկ Եղոյանի մայրը՝ Թամարա Եղոյանը, ով մշտապես ապրում է որդու հուշերով: Ծառատունկին մասնակցեցին նաև անհայտ կորած ազատամարտիկների երեխաներն ու թոռներըը:
Պուրակի հիմնումից հետո, տեղադրվեց մի հուշատախտակ, որը փաստում է հիշատակի պուրակի հիմնադրման մասին:




