Հասարակություն

Ամեն ինչ տարօրինակ խանդավառությամբ եւ ուրախությամբ է անցնում. դերասանը ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին

karenghazaryan
Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին, այդ շրջանակներում անցկացվող միջոցառումներին ու դրանց որակին են այսօր անդրադարձել «Հայելի» մամուլի ակումբի հյուրերը: 

 
Անդրադառնալով Արիլի 24-ին ընդառաջ կազմակերպվող միջոցառումներին՝ դերասան Սերգեյ Դանիելյանը կարծիք հայտնեց, որ ամեն ինչ շատ տարօրինակ խանդավառությամբ եւ ուրախությամբ է անցնում: Նրա գնահատմամբ՝ բոլորի մղումներն անկեղծ են, սակայն միջոցառումների ոչ պրոֆեսիոնալ մակարդակով կազմակերպումը հանգեցնում է անբնական խանդավառության եւ ուրախության:

Դերասանը կազմակերպվածության ու լուրջ մոտեցման պակաս է տեսնում: Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի դիտարկմամբ էլ՝ մի տեսակ մոլուցք կա կապված անմոռուկների հետ եւ կա դեպի տոնական տրամադրություն տանող քանակ ու որակ:

Թե Սերգեյ Դանիելյանը, թե Սուրեն Շահվերդյանը կարծիք հայտնեցին, որ մենք դեռ պատրաստ չենք աշխարհին համապատասխան ձեւով ներկայացնելու մեր ցավն ու խնդիրները, այդ թվում նաեւ՝ արվեստի ու մշակույթի լեզվով:

Հոգեբան Սամվել Խուդոյանը, սակայն, չի կիսում նման տեսակետները: Ըստ նրա՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված տեղեկատվական դաշտը բավականին հաջող է կազմակերպված: Նա նույնը ասաց նաեւ թե Հայաստանում, թե սփյուռքում կազմակերպվող միջոցառումների մասին: Ըստ նրա, սակայն, մեկ խնդիր կա՝ քիչ ենք համագործակցում այն ազգերի հետ, որոնք նույն ողբերգությունն են ունեցել: Նա կարծում է, որ այդ դեպքում կազմակերպվող միջոցառումներն ավելի մեծ հնչեղություն կունենային:

Հոգեբանի խոսքով՝ ամեն ինչ պետք է չափի մեջ լինի, որը խախտելիս վնասն ավելի մեծ կարող է լինել ու չունենալ արդյունք: «Ամենեւին պետք չէ ղեկավարության առաջ լավ երեւալու համար աբսուրդ միջոցառումներ անցկացնել, որոնք ավելի շատ արժեզրկում են, քան օգուտ բերում գործին»,-շեշտեց հոգեբան Սամվել Խուդոյանը: PR մասնագետ Սեդրակ Գասպարյանը կիսեց հոգեբան Սամվել Խուդոյանի տեսակետները՝ հայտնելով նաեւ իր մի մտահոգության մասին:

«Ես մի մտավախություն ունեմ, որ այն ինչ էսպես հախուռն ձեւով, շատ արագ զարգանում է, նույն ձեւով կարող է մարել»:

PR մասնագետի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է ունենալ միջոցառումների ռազմավարություն՝ հստակեցնելով, թե ինչ է արվելու հետո, երբ այս տարին էլ անցնի: Նա նույնպես կարծում է, որ միջոցառումների քանակից բացի, անհրաշեշտ է մտածել նաեւ որակի մասին, թե՝ որքանո՞վ է հաջողվում ընկալելի դարձնել «ցեղասպանության» էությունը՝ ինչպե՞ս է այն իրականացվել եւ ինչո՞ւ, եւ արդյո՞ք կազմակերպվող միջոցառումներն, ի վերջո, ինչ-որ հանգրվանի մեզ հասցնելու են:

Back to top button