Հասարակություն

Էջմիածնի համայնքային բյուջեի 2014 թվականի կատարողականը 100 տոկոսից ավելին է եղել

satikisahakyan

Էջմիածնի համայնքային բյուջեի 2014 թվականի  կատարողականը 100 տոկոսից ավելին է եղել: Սեփական եկամուտներն ուղղվել են քաղաքի բարեկարգմանն և մի շարք խնդիրների լուծմանը: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշել է, որ իր որդեգրած քաղաքականությունն ուղղված է բարեկարգ ու մաքուր քաղաքի կառուցմանը, որը կիրականացվի կառավարության և Մայր աթոռի հետ ակտիվ համագործակցությամբ:

 

 

Վաղարշապատ քաղաքի համայնքային բյուջեն անցած տարվա ընթացքում կատարվել է 111.4 տոկոսով, նախատեսված 1 միլիարդ 208 մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1 միլիարդ 346 մլն դրամ: Սեփական եկամուտների հավաքարումը կատարվել է 126.4 տոկոսով: Բյուջեի կատարումը ենթադրում է քաղաքային համայնքում մի շարք  խնդիրների լուծում՝ սկսած սոցիալ տնտեսական խնդիրներից մինչև քաղաքի բարեկարգում: Հոգևոր մայրաքաղաքում առաջին հերթին աչք շոյողը քաղաքի բարեկարգ ու մաքուր տեսքն է: Քաղաքում աղբահանությունը կատարվում է 2 օրը մեկ անգամ, իսկ որոշ փողոցներում էլ՝ ամեն օր: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ այն իրականացվում է 14 միավոր ինքնաթափերի միջոցով՝ օրական տեղափոխելով 210տ աղբ:

Քաղաքում ավելացել են կանաչապատ տարածքները: 2014թ-ին Վաղարշապատ քաղաքը տարածքային կառավարման նախարարության հետ համայնքների ասոցիացիայի կողմից անցկացված մրցույթում հաղթող է ճանաչվել «Ամենականաչապատ համայնք» անվանակարգում:

Քաղաքի արևմտյան հատվածում 7 հա-ի վրա  2 տարի առաջ հիմնվել է անտառաշերտ՝ վերականգնելով մութ ու ցուրտ տարիներին հատված անտառաշերտը:

Մեկ հեկտար տարածքի վրա նոր այգի է հիմնվել Արամ Մանուկյան թաղամասում, որտեղ հորատվել է մեկ ջրհոր: Կանաչապատ տարածքների բարեկարգման նպատակով  6 մլն. 540 հազար դրամով ձեռք է  բերել ունիվերսալ 2 մինի տրակտոր, մեկ միլիոն 140 հազար դրամով էլ ՝ ձյուն մաքրող մեքենա:

Նախորդ տարվա ընթացքում վերանորոգվել է բազմաբնակարան 11 շենքի տանիք՝ 2824 քմ մակերեսով, որի համար ծախսվել է ավելի քան 20 մլն. դրամ, իսկ 5 շենքում էլ տեղադրվել են շքամուտքի դռներ:

Համայնքային բյուջեից հայրենական մեծ պատերազմի վետերաններին հաղթանակի օրվա և ամանորի կապակցությամբ տրվել է 450,0 հազար դրամի չափով ֆինանսական օգնություն: Դրամական աջակցություն է ցուցաբերվել ազատամարտիկների ընտանիքներին:

Հոգևոր մայրաքաղաքն առանձնանում է իր կրթամշակութային օջախներով, ավանդական միջոցառումներով, մարզական կյանքով:

Այս  տարի Էջմիածինը նախապատրաստվում է նշել 3 կարևոր իրադարձություն՝ ցեղասպանության 100-րդ տարելիցը, հայրենական մեծ պատերազմի հաղթանակի  70-ամյակը և Վաղարշապատի 2700 ամյա հոբելյանը:

Կարդացեք նաև

Back to top button