ԿարևորՏնտեսական

Մարտին Հայաստանում արձանագրվել է 0.1տոկոս գնանկում

lianaeghiazaryan

Հայ վիճակագիրները վերջին մեկ ամսում Հայաստանում արձանագրել են գնանկում: Իհարկե` խոսքը 0.1 տոկոս գնանկման մասին է, բայց հետաքրքիր է, որ ԱՎԾ-ն գների փոփոխություններին գնանկում անունն է տալիս, թեեւ մեր քաղաքացիներն ու միջազգային փորձագետներն այս հարցի շուրջ այլ պատկերացման են:

Բայց ԱՎԾ-ի ներկայացրած պատկերը փոքր-ինչ այլ է այս եւ նախորդ տարիների առաջին եռամսյակների համեմատության դեպքում: Հունվար-մարտին սպառողական գներն աճել են  5.1 տոկոսով: Պարենային ապրանքները` ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ, թանկացել են 6.3 տոկոսով, ոչ պարենային ապրանքները` 4.4 տոկոսով, իսկ ծառայությունների սակագներն ավելացել են 3.5 տոկոսով:

ԱՎԾ-ն թվարկում է բանջարեղենի ու ձկան տեսակները` նկատելով, որ դրանք առավելապես էժանացել են: Զատկի տոնին ձվի շուկան նախորդ տարիների թանկացումը չի արձանագրել: Տարեկան կտրվածքով մոտ  20 տոկոսով թանկացել է հրուշակեղենը: Հայ վիճակագիրները նկատել են, որ թանկացել է նաեւ հագուստն ու կոշկեղենը, բարձրացել են նաեւ դեղորայքի գները: Մյուս կողմից ոչ պարենային ապրանքների խմբում ընդգծվել է բենզինի ու դիզվառելիքի 8-9 տոկոսով էժանացումը, թվերն է ներկայացնում Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։

Հետաքրքիր է, որ ԵՄ երկրներն այս տարվա առաջին երկու ամիսներին գրեթե զրոյական գնաՃ են արձանագրել, այնինչ ԵՏՄ անդամ երկրներում գնաճը հստակ նկատելի է, Ռուսաստան` 6.2 տոկոս, Բելառուս` 4.1 տոկոս, Հայաստան` 2.4 տոկոս: Գնաճի հանդեպ ամենակայունը Ղազախստանի տնտեսությունն է, ընդամենը` 1 տոկոս: Իսկ մինչ իր ինտեգրման ուղեծիրը եվրոպականից եվրասիականով փոխարինած մեր երկիրը չափում է գնաճի վայրիվերումները, մեր երկրի կարեւորագույն եվրոպական գործընկերներից մեկը` Արժույթի միջազգային հիմնադրամը, հանդես է գալիս մեզ համար մռայլ կանխատեսումներով:

«Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան` Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը դժվարանում է կանխատեսել գնաճի ցուցանիշն այս տարվա համար, քանի դեռ չգիտի` որքանով կփոփոխվեն հոսանքի, գազի, ջրի սակագները, ինչն , ի դեպ, օրակարգային հարց է այսօր Հայաստանում: Հորթոնի տեղեկություններով` Հայաստանի իշխանություններն այսօր բանակցում են Ռուսաստանի ղեկավարության հետ, որպեսզի երկրում գազի` դրամով արտահայտված գները գոնե չաճեն:

Միջազգային փորձագետները հայաստանում գնաճի կառավարելիության հարցում այնքան լավատես չեն, որքան մեր վիճակագիրները: Մինչ մեզ մոտ գների աճը տեղավորում են ցանկալի միջակայքում, ԱՄՀ ներկայացուցիչներն արդեն հաստատում են`  Հայաստանում գնաճը կանխատեսված 4-4.5 տոկոսի սահմաններից արդեն դուրս է եկել: Տեսադաշտում եւ տեսադաշտից դուրս ռիսկերը գնահատելով` նրանք փորձում են կանխատեսել` որքանով է հնարավոր գնաճը ետ բերել կանխատեսված միջակայք: Իսկ ապա մեր վիճակագիրները կանխատեսումներ անելուց ձեռնպահ են մնում:

Կարդացեք նաև

Back to top button