Քաղաքական

Ովքեր են թուրքական մեջլիսի մանդատին հավակնող հայկական դեմքերը

alisagevorgyan
Հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին պատրաստվող  երեք կուսակցությունների ընտրացուցակներում գրանցված են  հայազգի վեց թեկնածուներ: Հրապարակախոս, հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանի կանխատեսումներով նրանցից առնվազն երեքն ունեն իրական հնարավորություն հայտնվելու թուրքական մեջլիսում: Ովքեր են հայազգի թեկնածուները: Ինչ կփոխի  հայ-թուրքական հարաբերություններում նրանց ներկայությունը թուրքական խորհրդարանում:

 

Ովքեր են թուրքական մեջլիսի մանդատին հավակնող հայկական դեմքերը. Թուրքիայում ծնված, թեկնածուների մեծ մասին անձամբ ճանաչող  Սարգիս Հացպանյանի ձևակերպմամբ ամենամեծ անակնկալը, թերևս,  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Մարգար Եսայանի թեկնածությունն էր:

Գրող, լրագրող, հայկական ինքնությունը պահպանած երիտասարդ, որը բազմիցս խոսել է նաև  Հայոց ցեղասպանության  խնդրի մասին: Ընտրություններում հաղթելու ամենամեծ հավակնություններն ունեցող կուսակցության ընտրացուցակում Մարգարը 12-րդ,  Հացպանյանի բնորոշմամբ՝ խիստ շահավետ  հորիզոնականում է: Շահավետ հորիզոնականում է նաև ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական  կուսակցության» կողմից առաջադրված պոլսահայ իրավաբան Սելինա Օզուզուն Դողան: Երիտասարդ աղջիկ, ով հայտնի է իր հայամետ գործունեությամբ:

Թուրքական նախընտրական անակնկալների շարքը սրանով չի սահմանափակվում: Հայազգի երեք թեկնածուններ է առաջադրել  քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Թուրքիայի ամենախայտաբղետ քաղաքական ուժը, որտեղ ներկայացված են բոլոր փոքրամասնությունները՝ ազգային, կրոնական, սեռական»,-պարզաբանում է Հացպանյանը:

 

Նույն ցուցակում է նաև Ֆիլոր Բենլին, երկու երեխաների մայր, դերձակ, միաժամանակ բնապահպանական հարցերով զբաղվող հասարակական ակտիվիստ, ով հայտնի է իր սուր քննադատություններով: «Ինչպես հայերին եք ոչնչացրել, այնպես էլ բնությունն եք ոչնչացնում»,-թուրքական իշխանություններին ուղղված Բենլինի հրապարակում հնչեցրած խոսքերից է մեջբերում Հացպանյանը, ով նրա պատգամավոր դառնալու հավանականակությունը  գրեթե բացառում է՝ հաշվի առնելով ցուցակում զբաղեցրած 10-րդ հորիզոնականը:

Նույն ցուցակով առաջադրված հայազգի թեկանածուների ցանկը եզրափակում են  Մուրադ Մխչըն՝ Մխչյանների տոհմից և Դիրեմ Ջեվահիր Շեն՝ համշենահայ երիտասարդ աղջիկ: «Եթե կուսակցությնուը հաղթահարի 10 տոկոսանոց շեմը, Ջեվահիրը ևս կարող է հայտնվել թուրքթական մեջլիսում: Սարգիս Հացպանյանի կանխատեսումներով այստեղ հայտնվելու իրական հնարավորություն ունեն վերանշյալ թեկնածուներից առնվազն երեքը: Իսկ ինչ  կփոխի  հայ-թուրքական հարաբերություններում նրանց ներկայությունը թուրքական խորհրդարանում: «Շատ բան և միայն դեպի դրականը»,-համոզված է Հացպանյանը:

 

 

Կարդացեք նաև

Back to top button