Քաղաքական

Խորհրդարանը շարունակում է քննարկել գազային հանձնաժողովի եզրակացությունը

lenabadeyan
Արդեն երրորդ օրն է` Աժ-ում քննարկվում է Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը: Այսօր արդեն խմբակցություններն են ներկայացնում իրենց տեսակետը քննարկված եզրակացության վերաբերյալ: Դաշնակցության տեսակետը ներկայացնող Արծվիկ Մինասյանի գնահատմամբ, փաստաթուղթը ախտորոշիչ է, վեր է հանել բազմաթիվ բացեր եւ թերություններ: Եզրակացությունն անիմաստ կդառնա, եթե չունենա հետագա զարգացում:

ՀԱԿ-ի խիստ բացասական մոտեցումը՝ ներկայացված եզրակացության հանդեպ, վաղուց հայտնի է: Արամ Մանուկյանն այսօր եւս մեկ անգամ այն հաստատել է և թվարկել ոլորտի մի շարք ուղղություններ, որոնցում հնարավոր են հսկայական մեքենայություններ, եւ փորձել է ապացուցել, որ գազի գինը հնարավոր է իջեցնել 30-50 դոլարով:

ԲՀԿ-ից Միքյաել Մելքումյանը սրտնեղում է, երբ քննադատում են հանձնաժողովի եզրակացությունը, ասում է՝ օր ու գիշեր աշխատել են, ուսումնասիրել են հազարավոր էջեր եւ կարծում է, որ փաստաթուղթը հետագայում օգտակար կարող է լինել:

Երեք օր հնչած քննադատություններից հետո եզրափակիչ ելույթում ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը չի կարողացել հանգիստ արձագանքել բոլոր հայտարարություններին: Բայց մինչ այդ՝ նա նշել է, որ ստացել են շատ արժանահավատ փաստաթուղթ, որը երկարաժամկետ աշխատանքի հիմք է եւ այդ հնարավորությունը տալիս է:

Հիշեցնենք՝ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունն ընդունվում է ի գիտություն եւ քվեարկության ենթակա չէ: Հարցի քննարկումը խորհրդարանում ավարտվել է:

Back to top button