Կառավարությունն՝ այսօր
Կկարգավորվի ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի հետ առնչվելու հարցը
Քննչական կոմիտեի կազմավորումից հետո շարունակվում են աշխատանքները կառույցի աշխատանքները գործող օրենսդրությանը համապատասխան կազմակերպելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի առաջին բաժնի կողմից մշակված նախագծի համաձայն, ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այսուհետ կընդգրկվի պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկում, որով նրան իրավունք կվերապահվի ՀՀ քննչական կոմիտեում ստեղծել պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու ենթակա տեղեկությունների ցանկը: Նախագծով կկարգավորվի ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի հետ առնչվելու հարցը:
Կհաստատվի «Մեկ երեխա՝ մեկ համակարգիչ» փուլային ծրագիրը
Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի ներկայացրած նախագծով, գործադիրն այսօր կհաստատի առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու՝ «Մեկ երեխա՝ մեկ համակարգիչ» փուլային ծրագրիրը և փորձնական փուլի նկարագիրը: «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է յուրաքանչյուր ուսումնական տարի առաջին դասարանի աշակերտներին անվճար տրամադրել պլանշետներ՝ ուսումնական գործընթացում որպես ուսումնաօժանդակ նյութ կիրառելու նպատակով: Նախապատվությունը տրվում է հայկական արտադրության «Արմթաբ» պլանշետ: Ծրագիրն իրականացվելու է փուլային սկզբունքով: 1-ին փուլը ծրագրի փորձնական իրականացումն է մեկ մարզում, ընդգրկելու է 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2019 թվականի օգոստոս ամիսը: Այս ժամանակահատվածը ընդգրկում է 4 ուսումնական տարի՝ հնարավորություն ընձեռելով ծրագրում ընդգրկել տարրական դպրոցի բոլոր՝ 1-ից 4-րդ, դասարանները և ցուցաբերել ամբողջական մոտեցում տարրական դպրոցին, 2-րդ փուլում՝ նախատեսվածէ ծրագրի աստիճանական ընդլայնում և 2019թ. սեպտեմբերից յուրաքանչյուր ուսումնական տարի 1-ից 2 նոր մարզերի ներառում: 3-րդ փուլով արդեն 2025 թվականի սեպտեմբերից Երևան քաղաքը նույնպես կներառվի Ծրագրում: Ծրագրի նպատակն է` հանրակրթության կրթության որակի, մատչելիության և արդիականության բարձրացումը ՏՀՏ-ի կիրառման միջոցով: Ծրագրի փորձնական փուլի իրականացման համար ընտրվել է ՀՀ Վայոց Ձորի մարզը, որտեղ իրականացվելու է ենթակառուցվածքների և կրթական-տեղեկատվական միջավայրի վերլուծություն և խնդիրների բացահայտում:
Թեղուտ ընկերությանը ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա կտրամադրի
Կառավարությունն այսօր Թեղուտ ընկերությանը մեկ տարի ժամանակով ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա կտրամադրի: Նախագծի հիմնավորման համաձայն, դրանք օգտագործվելու են հանքաքարի վերամշակման ընթացքում հումքի խտությունը չափելու նպատակով:
4,753.4 հազ.դրամ ՝ ՀՀ կառավարության աշխատակազմին և 5,000.0 Եվրո՝ ՀՀ ԱԳ նախարարությանը Վահան Հովհաննիսյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար
ՀՀ հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի աճյունը Գերմանիայի Դաշնությունից ՀՀ տեղափոխման և հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված «Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» ծրագրի միջոցներից 2015 թվականի առաջին կիսամյակում ՀՀ կառավարության աշխատակազմին կհատկացվի 4,753.4 հազ.դրամ և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` 5,000.0 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ: