ԿարևորՏնտեսական

ԱՄՀ-ն Հայաստանի համար իր ամենամռայլ կանխատեսումներն է ներկայացնում

lianaeghiazaryan

Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր ներկայացրել են Հայաստանի համար վերջին տարիների ամենամռայլ կանխատեսումները: Տնտեսական աճի տեմպի դանդաղումը կշարունակվի պահպանվել, դրամը չի կարող արագ վերադառնալ իր նախկին դիրքերին, Հայաստանի արտաքին պարտքը շարունակում է խիստ ծանր մնալ, իսկ գլխավոր դրամատունը շարունակում է վատնել արտաքին միջազգային պահուստները` դրամի փոխարժեքը քիչ թե շատ կայուն պահելու նպատակով: Ռուսաստանի տնտեսական խնդիրներն առավել խոցելի են դարձնում մեր տնտեսությունը, իսկ գնաճի մասին կախատեսումներ անել միջազգային հեղինակավոր կազմակերպությունը դժվարանում է:

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսն այսօր ասուլիսին ներկայացավ անմոռուկը կրծքին: Բայց թեման, բնականաբար, քաղաքական չէր: Տնտեսական կանխատեսումներն ու դիտարկումները ներկայացրեց մեր երկրում ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը: Իսկ դրանք Հայաստանի համար վերջին տարիների ամենամռայլ դիտարկումներն էին:

Նկատենք, որ սովորաբար միջազգային հեղինակավոր այս կառույցն առավել լավատեսորեն է գնահատում մեր երկրի տնտեսական իրավիճակը: Իսկ այսօր Հայաստանը, ասաց Հորթոնը, լայն իմաստով հարմարվող դրամավարկային քաղաքականություն է վարում: Հարմարվում է եկամուտների` կանխատեսվածից ցածր մակարդակին, ՀՆԱ` սպասվածից ցածր մակարդակին: Սա նշանակում է նաեւ հարկային եկամուտների պակաս հավաքագրում:

Մարկ Հորթոնը զգուշացնում է` տնտեսական բոլոր ցուցանիշերի նվազման պարագայում չի կարելի հարկատուների հանդեպ պահանջները նույնը պահել, նրա իսկ ձեւակերպմամբ` «չի կարելի փորձել գումար կորզել ու քամել դժվար աշխատող տնտեսությունից»։

Երբ անցյալ տարեվերջին դոլարի հանդեպ դրամի փոխարժեքը 410 -ից կտրուկ հասավ 480-ի, Կենտրոնական բանկը սկսեց սպառել միջազգային պահուստները. դոլար-դրամ փոխարժեքը փոքրիշատե կայուն պահելու նպատակով շուրջ 700 մլն դոլարի միջազգային պահուստ վաճառվեց: Սա խիստ դժվար վերականգնելի կորուստ է, ինչն ավելի խոցելի դարձրեց Հայաստանի առանց այն էլ խոցելի տնտեսոթյունը, ասում է ԱՄՀ առաքելության ղեկավարը:

Դա նվազեցրեց Հայաստանի պահուստային միջոցները, ինչպես ընդունված է ասել բուֆերները, հարվածեց դոլարային վարկեր ունեցող Հայաստանին ու հայ բազմաթիվ քաղաքացիների, բարձրացան վարկերի տոկոսադրույքները, վարկավորման աճի տեմպերը նվազեցին: Կրճատվում են ներդրումները, դրսից ուղարկվող գումարները, ավելանում արտաքին պարտքերը:

Պղնձի արտահանումը շարունակում է կրճատվեց. դրսի շուկաներում դրա գները չեն վերականգնվում: Խնդիրները շատ են: Դրանք հիմք ընդունելով` Արժույթի միջազգային հիմնադրամն իր լավատեսական սպասումները վերանայում է: Վերանայում է նաեւ Հայաստանի համար տնտեսական աճի իր կանխատեսումները` 3-3.5 տոկոս` նախկին 4-4.5 տոկոսի փոխարեն:

Սցենարը շարունակում է առավել վատատեսական դառնալ նաեւ ռուսաստանի մասով: ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը շարունակում է իր ոչ լավատեսական կանխատեսումները: «Դժվար է սպասել, որ իրավիճակը շուտ կկայունանա: Առաջիկա 2-4 տարիներին տնտեսական աճի տեմպը դանդաղ կվերականգնվի»:

Խնդիրները միջազգային մասնագետները երկար են թվարկում ու դրանց շարքն ամփոփում հորդորով` ժամանակն է անցնել իրական բարեփոխումների: Դրանք այժմ հրատապ են: Տնտեսությունն ավեի բաց, ավելի մրցակցային, ավելի թափանցիկ, առավել ինտեգրված դարձնել: ԱՄՀ-ն միշտ է այս հորդորներնով հանդես գալիս, իսկ այսօր արձանագրում է` այդ հորդորների արդյունքը վերջին տարիներին առանձնապես զգալի չէ: Այնինչ՝ բարեփոխումներն այսօր օրախնդիր են:

ԱՄՀ-ն այսօր հայրենի կառավարությանը նոր խորհուրդ-հորդորներ ունի: Նախ`ՀՆԱ գոնե մեկ տոկոսի չափով ավելացնել կապիտալ ծախսերը: Բայց իրենք այդ հարցում արդեն ֆինանսապես օգնել չեն կարող, ֆինանսի նոր աղբյուրներ պետք է փնտրել: Ֆինանսների առավել արդյունավետ կառավարման մասով էլ ասելիք կա: Որեւէ կերպ չպետք է թույլ տալ, որ պետական այս կամ այն պաշտոնյայի թեթեւ ձեռքով մասնավոր ընկերությունների պարտքերը անցնեն պետական մարմիններին, լինի դա թե «Գազպրոմի» հանդեպ Հայաստանի ունեցած նորահայտ պարտքերի մասով, թե էներգետիկ համակարգում կուտակված պարտքերի:

Ամռանը Հայաստանը պետք է սկսի դոլար գնել, նվազեցնել վարկերի տոկոսադրույքները, սահմանափակել արտարժույթի մեծածավալ վաճառքը: Սրանք ԱՄՀ-ի խորհուրդներն են: Թե ինչպիսին կլինի դրանցից վերջինի ազդեցությունը կոնկրետ գնաճի վրա, ԱՄՀ մասնագետները, «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան, դժվարանում են նշել: Գների հնարավոր բարձրացումները նրանք դժվարանում են այսօր չափել, քանի դեռ չգիտեն` որքանով կթանկանան հոսանքը, գազը, ջուրը: Մի բանում, սակայն, նրանք վստահ են` գնաճը կանխատեսվածի սահմաններից արդեն դուրս կգա:

Back to top button