

Ապրիլի 7-ին կայացավ հայրենական նորաձևության հիմնադիրներից մեկի՝ Լիլիթ Մարգարյանի «Gallery 100» հավաքածուի ցուցադրությունը։ Այն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Դիզայներ Լիլիթ Մարգարյանին ոգեշնչել էին 10 հայ նկարիչներ, որոնց գործերի միջոցով ներկայացվում է հայ կնոջ պատմությունը. ինչպիսի՞ն էր հայ կինը Եղեռնից առաջ, Եղեռնից հետո, և ինչպիսի՞ն է խաղաղ օրերում: Միջոցառումն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ: Իրականացմանը նպաստել էր նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը:
Ինքնատիպ և հետաքրքիր, հնի ու նորի միաձուլում: Այսպես են բնորոշում հայրենական նորաձևության հիմնադիրներից մեկի՝ Լիլիթ Մարգարյանի նոր հավաքածուն`նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հավաքածուի հիմքում հայ կնոջ կերպարն է ու նրա ոճի զարգացումը, որն ուղեկցվել է պատմական և տարածքային բազմազան գործոնների ազդեցությամբ: Դիզայները կատարելության էր հասցրել 1915-ին վերապրած հայ կին-անհատին, ով ոչ միայն կարողացել է պահպանել բարոյական բարձր արժեքները, այլև գեղարվեստի մեծ վարպետների սերունդ է դաստիարակել:
Լիլիթ Մարգարյանին ոգեշնչել են 10 հայ նկարիչներ, որոնց գործերի միջոցով ներկայացվում է հայ կնոջ պատմությունը. ինչպիսի՞ն էր հայ կինը Եղեռնից առաջ, Եղեռնից հետո, և ինչպիսի՞ն է խաղաղ օրերում:
Ցուցադրությունը սկսվեց Հովնաթանյանի կտավների հայուհիների, Հակոբ Հակոբյանի, Վահրամ Գաֆեսճյանի, Սուրենյանցի, Արշիլ Գորկու, Ասլամազյանի, Մինաս Ավետիսյանի, Սարգիս Մուրադյանի կտավների հայ կանանց կերպարներով: Այն եզրափակվեց Սարյանի նկարների պայծառ գույներով:

Լիլիթ Մարգարյանը Հովնաթանյանի կտավների կանանց արդի շունչ էր հաղորդել ու ներկայացրել այնպես, որ այդ կտավների կանանց հանգուստները հնարավոր լինի կրել 21-րդ դարում: Զգեստեներում գերիշխում էր նաև ավանդական օձիքներ, մի ամբողջ ժողովրդի պատմությամբ խամրած երանագներով: Ցուցադրություն ժամանակ հայուհիները բեմ դուրս եկան նաև դեմքերը կիսածածկած: Զգեստներից մեկի թիկունքին էլ պատկերված էր նկարիչ Հակոբ Հակոբյանի կտավը:
«Ցանկացա ցույց տալ, որ կնոջ թիկունքին լավ տղամարդ է կանգնած»:
Նկատենք, որ ցուցադրումը իրականացվել է Սփյուռքի նախարության կողմից՝ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ասում է, որ այսքան խստապահանջ հանդիսատեսին 100 զգեստ ներկայացնելը միշտ չէ, որ հնարավոր է:
«Մենք տեսանք գույներ, համադրություններ, հակադրություններ: Տեսանք մեր հզոր նկարիչներից վերցված գույներ և ձևեր: Ես կարծում եմ, որ ցուցադրությունը ստացվեց»:
Հրանուշ Հակոբյանը գոհունակությամբ է նշում, որ մեր նորաձևության մեծերը «ձեռք են մեկնում» մեր նկարիչ մեծերին:
Իսկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համար հետաքրիր էր գաղափարը ինքնին, քանի որ նորաձևության միջոցով անդրադարձ էր կատարվել մեր անվանի վարպետների ստեղծագործությունների հերոս հանդիսացող կանանց, իրենց ամբողջական կերպարին և կրած զգեստներին:
Ի դեպ, Սփյուռքի նախարությունը այս ցուցադրության համար հատկացրել է երեք միլիոն դրամ գումար:
Նկարները՝ Kamoblog.tv կայքից





