ԿարևորՔաղաքական

Ս. Սարգսյան. Ռուսական տնտեսության մեջ առկա խնդիրները չեն կարող չազդել ՀՀ տնտեսության վրա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական Россия 24 հեռուստաընկերության Мнение հաղորդաշարին տված հարցազրույցում խոսել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության, ակնկալիքների ու հեռանկարների մասին՝ ասելով, որ ԵՏՄ–ին անդամակցելով Հայաստանը ճիշտ ընտրություն է կատարել։

«Ես վստահ եմ, որ հեռանկարը լավ է, հակառակ դեպքում նման որոշում չէինք կայացնի։ Մենք դառնում ենք 170 միլիոնանոց շուկայի մասնակից, իսկ փոքրիկ Հայաստանի համար դա լավ ձեռքբերում է»,- Սերժ Սարգսյանի խոսքերն է մեջբերում tert.am-ը՝ նշելով, որ ԵՏՄ-ին անդամակցությունը կնպաստի հայ ժողովրդի բարեկեցության աճին՝ բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ։

Նա կարևորել է փոխադարձ հարգանքն ու ինքնիշխանության պահպանումը։ «Համոզված եմ, որ Հայաստանը ճիշտ ընտրություն է կատարել և ցանկացած այլ դեպքում այն դժվարությունները, որ կան այժմ, ավելի շատ էին լինելու, քանի որ մեր տնտեսությունները փոխկապակցված են»,-ասել է Սերժ Սարգսյանը։

ՀՀ նախագահը նշել է, թե անկախ այն հանգամանքից՝ Հայաստանը ԵՏՄ-ին կանդամակցեր, թե՝ ոչ, ռուսական տնտեսության մեջ առկա խնդիրները չեն կարող չազդել ՀՀ տնտեսության վրա։

Սերժ Սարգսյանը երեք գործոն է առանձնացրել, որոնք, ըստ նրա, հնարավոր չէ հաշվի չառնել.

«Առաջինն այն է, որ մեր գյուղմթերքն առաջին հերթին սպառվում է Ռուսաստանի շուկայում, և եթե ռուսական ռուբլու արժեզրկումը խնդիրներ է ստեղծում ՌԴ քաղաքացիների համար, դա նշանակում է, որ մեր արտադրողներն էլ խնդիրներ են ունենում,

երկրորդ. շատ հայեր, աշխատելով Ռուսաստանում, Հայաստանում գտնվող իրենց հարազատներին տրանսֆերտներ են ուղարկում, և եթե այդ գումարների չափը նույնն է մնացել, ապա դրանց դրամական արժեքը կրճատվել է երեք անգամ,

երրորդ. ՌԴ-ն Հայաստանում հիմնական ներդրողն է, և եթե ռուս ներդրողները խնդիրներ ունեն, նշանակում է, որ խնդիրներ կան նաև մեզ մոտ»։

Արցախյան հակամարտության մասին

Ռուսական հեռուստատեսությունը տված հեռուստաընկերությանը Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարների մասին։ Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների 6 հայտարարություններում նշված սկզբունքներն ու տարրերը, որոնք կան նաև այն փաստաթղթում, որի հիմքով արդեն ավելի քան 7 տարի Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ, ընդունելի հիմք են Ղարաբաղյան հարցի լուծման համար։

«Մենք կիսում ենք ՄԽ համանախագահների կարծիքը, որ ազգերին պետք է խաղաղության պատրաստել, այլ ոչ պատերազմի, սակայն Ադրբեջանի ղեկավարությունը հակառակն է անում։ Մենք անցյալ տարվա ամառվանից տեսնում ենք իրավիճակի սրում, և ամեն դեպքում հարցով զբաղվողները կասկած չունեն, որ սրման պատճառն Ադրբեջանն է, և դա չի թաքցնում ադրբեջանական ղեկավարությունը՝ Մյունխենյան անվտանգության համաժողովի ընթացքում հայտարարելով, որ այո՛, լարվածությունը շարունակվելու է, քանի դեռ հայերը չեն հանձնել ԼՂ-ի հարակից շրջանները»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նա նշել է, որ Ղարաբաղի բանակը ստիպված էր ստեղծել անվտանգության գոտի՝ ամենօրյա կրակից փրկելու համար հայաբնակ շրջանների բնակչությանը։ «Ադրբեջանի ղեկավարությունը չի ընդունում այն սկզբունքները, որ մեզ առաջարկել են համանախագահները»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ մենք ստիպված կլինենք պաշտպանվել, եթե այլ ելք չունենանք, և Ադրբեջանը հերթական արկածախնդրության գնա։ «Մենք չենք վախենում կռվելուց»,-հավելել է Հայաստանի նախագահը։

Հայոց ցեղասպանության մասին

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին ու Թուրքիայի հետ հարաբերություններին։ Նա նշել է, որ ապրիլի 24-ին հայերի հետ են լինելու տարբեր ազգերի ներկայացուցիչներ ու պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ չենք դրել, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Մի քանի տարի առաջ ես փորձեցի հասնել հարաբերությունների կարգավորման, սակայն որոշ պատճառներով թուրքական կողմը հրաժարվեց ստանձնած պարտավորություններից, և այդ Արձանագրությունները չվավերացվեցին Թուրքիայի խորհրդարանի կողմից»:

Նախագահը հիշեցրել է, որ ինքը նաև նամակ է ուղարկել՝ Թուրքիայի նախագահին ապրիլի 24-ին հրավիրելով Երևան՝ մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Նախագահը նշել է, որ թուրքական կառավարությունն այս անգամ ևս վարվեց այնպես, ինչպես միշտ, և ոչ միայն մերժեց մասնակցել միջոցառումներին, այլև պատասխան հրավեր արեց՝ Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու։

«Բոլորին հայտնի է, որ Գալիպոլիի մարտերը չեն սկսվել ու չեն ավարտվել ապրիլի 24-ին, և Թուրքիան երբեք այդ մարտերում հաղթանակն ապրիլի 24-ին չի նշել»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ նաև նկատելով, որ չգիտի, թե որքան արագ Թուրքիայում կավելանա այն մարդկանց թիվը, որոնք ցանկանում են և պատրաստ են ճանաչել Ցեղասպանությունն ու ազատվել այդ ծանր բեռից։ «Բայց ամեն դեպքում մենք դրական տեղաշարժ ենք տեսնում, և ես շնորհակալ եմ այն թուրք քաղաքացիներից, որոնք սկսել են այդ շարժումը»,-ասել է Հայաստանի նախագահը։

 

Back to top button