

Մարտի 31-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միանգամից 3 վճիռ կայացրեց ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Գործերը տարբեր են , բողոքները ներկայացվել են տարբեր փաստաբանների կողմից ՝ 2006-ից 2008թթ.: Ընդհանուր առմամբ՝ 3 վճիռնրեով Հայաստանը պարտավորվում է մոտ 75 հազար եվրո փոխհատուցում տալ տուժողներին: Գումարի առյուծի բաժինը ՝ մոտ 62 հազար եվրոն, բաժին է ընկնում որոշումներից մեկին: Իսկ այն վերաբերում է 10 տարի առաջ Վարդենիսում տեղի ունեցած դաժան հանցագործության քննությանը: Ի դեպ, ՄԻԵԴ որոշումը կրկին թարմացրեց տուժող կողմի և մեղադրյալների պաշտպանի հակասությունները:
3 վճիռներից մեկով ՄԻԵԴ-ը բավարարել է Արտաշես Դավթյանի գանգատը: Կայացրած վճռով դատարանը ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը դիմումատուի նկատմամբ: Ըստ դատարանի՝ 2003-ից 2006 թթ. Արտաշես Դավթյանը կալանքի տակ է պահվել կյանքի համար վտանգավոր առողջական խնդիրներ ունենալու պայմաններում եւ զրկված է եղել մասնագիտացված խնամքից ու բուժումից: Բողոքը ներկայացրել են փաստաբաններ Արա Ղազարյանն ու Լուսինե Սահակյանը: Վերջինը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ յուրացման մեղադրանքով Արտշես Դավթյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման եւ պայմանական վաղակետ ազատվել է կալանքից 2006թ.-ին: Հենց 2006-ին էլ դիմել են Եվրոպական դատարան, պետությունն ընթացքում ծանուցվել է, գրագրութունն ավարտվել է մոտ 5 տարի առաջ, այդքան ժամանակ դիմող կողմը սպասել է դատարանի որոշմանը:
« Դատարանն արձանագրեց Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, այն է՝ վատ վերաբերմունք անձի նկատմամբ: Նախաքննության և հատկապես դատաքննության ընթացքում Արտաշես Դավթյանը գտնվել է ծանր առողջական վիճակում: Բժիշկներն արձանագրել էին հնարավոր քաղցկեղ, հստակ նշել էին, որ կա կյանքի ցուոցում և պետք է շտապ վիրահատություն: Մեր բազմաթիվ պահանջները ՝ խափանման միջոցի փոփոխման, հիվանդանոց տեղափոխման մասին մնացել են անպատասխան»:
Եվրոպական դատարանն այս գործով պատճառված բարոյական վնասի համար Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է մոտ 9 հազար եվրոյի չափով փոխհատուցում վճարել: Երկրորդ վճիռը Հելսինկյան կոմիտեի բողոքի հիման վրա է կայացվել: Կոմիտեն բողոքարկել էր 2008թ. նոյեմբերին Լեւոն Գուլյանի մահվան տարելիցի առիթով մոմավառության խաղաղ երթ իրականացնելու խնդրանքով Երեւանի քաղաքապետարանի մերժումը: Քաղաքապետարանը դիմումատուներին մերժելու որոշումը կայացրել էր մոմավառությունից մեկ օր հետո: ՄԻԵԴ-ը սա գնահատել է որպես հավաքների ազատության իրավունքի և քաղաքացիների արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի սահմանափակում: Այս դեպքում դրամական փոխհատուցում չի նախատեսվել : Փոխարենը բավական մեծ գումար՝ մոտ 62 հազար եվրո փոխհատուցում է սահմանել երրորդ վճռով, որը վերաբերում է 10 տարի առաջ Վարդենիսում տեղի ունեցած դաժան հանցագործությանը: Անչափահաս աղջկա սպանության մեջ նանախքաննական մարմինը, ապա նաև դատարանը մեղադրել է աղջկա դասընկերուհու ընտանիքին՝ դասընկերուհու մորը՝ Նարինե Նալբանդյանին, նրա ամուսնուն՝ Բագրատ Նալբանդյանին, և նրանց դստերը՝ Արևիկին: Դատարանը Բագրատ Նալբանդյանին դատապարտել է 9 տարվա ազատազրկման, նա այսօր ազատության մեջ է, նրա կնոջը` Նարինեն Նալբանդյանին` 14 տարվա ազատազրկման: Նրանց դստեր` Արեւիկ Նալբանդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Սեդա Սաֆարյանը եղել է Բագրատ, Նարինե եւ Արեւիկ Նալբանդյանների դատապաշտպանը: Դատարանը նրանց նկատմամբ գործադրված բռնությունների եւ խոշտանգումների փաստը քննարկման առարկա չի դարձրել: Իսկ փաստաբանը հենց այդ այդ փաստն է դրել Եվրոպական դատարան ներկայացված բողոքի հիմքում:
ՄԻԵԴ-ը ճանաչել է Նալբանդյանների նկատմամբ արդար դատաքննության իրավունքի խախտումը, անմարդկային վերաբերմունքի դրսևորումը` խոշտանգում, բռնություններ եւ այլն, նաեւ` դատարանի մատչելիության իրավունքի խախտումը: Ըստ այդմ` Բագրատ Նալբանդյանին ՀՀ-ն պետք է փոխհատուցի 10 հազար, Նարինե Նալբանդյանին` 27 հազար, իսկ նրանց դստերը` Արևիկ Նալբանդյանին՝ 25 հազար եվրո: Ի դեպ, այս վճիռը առիթ դարձավ, որ կրկին սրվեն տուժող կողմի իրավահաջորդի և պաշտպանի հարաբերությունները:
Սեդա Սաֆարյանն օրերս հայտարարեց, որ հաշվեհարդարի սպառնալքիներ է ստանում տուժող կողմից և որ դրանք կապված են 10 տարի առաջ Վարդենիսում տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշման հետ: Տուժողին զայրացրել է հօգուտ դատապարտյալների կայացված որոշումը: Իսկ նրանց պաշտպանը համոզված է, որ ողջ դատաքննությունը սխալ ուղղությամբ է ընթացել և որ սպանության իրական մեղավորներն իր պաշտպանյալները չեն: Փաստաբանն ասում է, որ նաև տուժող կողմն իր պահվածքով նպաստել է, որ գործի բոլոր հանգամանքները չբացահայտվեն: Ի դեպ, Սեդա Սաֆարյանը չի բացառում, որ նոր հիմքերով վճռաբեկ բողոք ներկայացնի ու գործի նոր քննությունը հնարավորություն ստեղծի հանգամանքների լիարժեք բացահայտման համար: Իսկ մինչ այդ , լրագրողները արդարադատության նախարարին հիշեցրին, որ գործը քննվել է հենց այն տարիներին, երբ Հովհաննես Մանուկյանը Վճռաբեկ դատարանի նախագահն էր:




