Հասարակություն

Շուրջ 90 տոկոսը վստահում է ՀՀ զինված ուժերին.հարցում

alisagevorgyan

«Գելափ ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ներկայացրել է երկրի սոցիալ- տնտեսական և քաղաքական հիմնախնդիրների ուսումնասության նպատակով մարտի 2-14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հետազոտության արդյունքները:

 

ՀՀ շուրջ 1500 քաղաքացիների շրջանում իրականացված հետազոտության արդյունքներով հարցման ենթարկվածների 38 տոկոսն ավելի շուտ բավարաված է իր կյանքով,  33 տոկոսը՝ ավելի շուտ՝բավարաված չէ, 21-ն  տոկոսն ընդհանրապես բավարաված չէ:

«Գելափ ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչության մարտի սկզբին իրականացրած հետազոտությունը նաև պարզել է ՝ քաղաքացիների 57  տոկոսն իր ընտանիքի նյութական ապահովվածությունը գնահատում է միջին, 20 տոկոսը՝ վատ, 11 տոկոսը՝ շատ վատ: Հարցվածների 43 տոկոսը երկրի ներկա տնտեսական վիճակը նույնպես գնահատում է շատ վատ:  70 տոկոսը նշում է, որ Հայաստանի տնտեսության և իրենց ընտանիքի նյութական վիճակի վրա շատ վատ են ազդել դրամի փոխարժեքի տատանումները: Ստեղծված իրավիճակում մեր քաղաքացիների մոտ 50 տոկոսը սկսել է տնտեսել հագուստի և կոշիկի վրա, 38 տոկոսը՝ սննդամթերքի: Հարցվածների 68 տոկոսը նշել է, որ լիովին անվտանգ կամ ավելի շուտ անվտանգ է զգում իր գյուղում կամ քաղաքում:

Հետազոտության հեղինակները փորձել են պարզել նաև քաղաքացիների տեղեկացվածության մակարդակն ու վերաբերմունքը Գյումրու հայտնի դեպքերի առնչությամբ: Գրեթե հարյուր տոկոսը նշել է, որ տեղյակ է կատարվածից, 87 տոկոսի համոզմամբ Պերմյակովը պետք է դատվի ՀՀ օրենքներով, 78 տոկոսը համոզված է, որ հասարակությունն այդպես էլ չի իմանա այս հանցագործության իրական պատճառների մասին և միայն 14 տոկոսն է հավատում, որ կընթանա արդար դատավարություն և հասարակությունը կտեղեկանա  բոլոր մանրամասներին:

Որքանով եք վստահ, որ ՀՀ ԶՈւ-ը և ԼՂՀ  ՊԲ-ն այսուհետ ևս արժանի հակահարված կհասցնեն ադրբեջանական բանակի գործողություններին. հարցին քաղաքացիների մոտ 90 տոկոսը պատասխանել է՝ լիովին վստահ եմ կամ ավելի շուտ՝ վստահ եմ: Հարցվածների մոտ 65 տոկոսը կարծում է, որ մեր երկրում կա նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների կարիք, բայց այդ ընտրությունների իրականացման հնարավորությանն անվերապահորեն հավատում է միայն հարցվածների 10 տոկոսը:

Back to top button