Հասարակություն

«Հորմոնախեղդ ենք լինում». մասնագետներն ահազանգում են,  պատասխանատուները` լռում

lianaeghiazaryan
Տարեկան մեկ մարդուն միջին հաշվով 4 կգ սննդային հավելանյութ է բաժին հասնում. հաշվարկում են մասնագետներն ու ահազանգում` հրոմոններն այսօր այնքան առատորեն են ներխուժել մեր կյանք, որ դժվար է պատկերացնել որեւէ սննդատեսակ առանց հորմոնային հավելումների` սկսած հացից, որը փորձ է արվում հարստացնել սինթետիկ նոր հավելումներով, շարունակած մսամթերքով, վերջացրած մանկական կերերով ու դեղամիջոցներով: Այս մշտական ահազանգերին վերջին օրերին ավելացավ եւս մեկը: «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ, կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը խոսում է հղի կանանց այսօր սպառնացող մի խնդրի մասին: Այսօր Հայաստանում մայրանալ պատրաստվողներին համատարած նշանակում են ֆոլաթթու, որի չափաքանակը, սակայն, լուրջ մտահոգություններ է առաջացնում:

 

Վերջին ամսվա ընթացքում ես շատ գինեկոլոգների եմ հարցրել, եւ պարզվեց, որ գրեթե բոլորը ինչ-որ պատճառով օրական 5 մգ ֆոլաթթու են նշանակում: ԱՀԿ ձեռնարկների եւ Առողջապահության նախարարության հղիության նախապատրաստման, ընթացքի եւ հղիների առողջության պահպանման պետական ստանդարտերի համաձայն՝ հղի կանայք պետք է ընդունեն օրական ընդամենը 0.4 մգ ֆոլաթթու: Համաձայն այս նույն ստանդարտների՝ կարելի է օրական 4 մգ նշանակել, եթե հատուկ դեպքերում, օրինակ, եթե նախորդ հղիությունների ընթացքում կինը խնդիրներ է ունեցել: Իսկ օրական 5 մգ չափաբաժին որեւէ տեղ չի նշվում ու չի սահմանվում:

Հայ սպառողների շահերի պաշտպանները շարունակում են փոխանցել իրենց մտահոգությունները մանկական կերերի որակի առումով: Սահմանային ոչ բավարար վերահսկողության պատճառով Հայաստան են ներմուծվում երեխաների առողջության համար վտանգավոր մանկական կերեր: Մասնագետները պնդում են` սոյայի հիմքով մանկական կերերը, որոնք մեծ խմբաքանակներով ներկրվում են մեր երկիր, հատկապես տղա երեխաների վրա են բացասական ազդեցություն թողնում՝ նրանց մոտ կանացի հորմոններ առաջացնելով: «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հկ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը շեշտում է՝ սննդամթերքի անվտանգության հարցերով զբաղվողներն իրենց գործից գլուխ չեն հանում: Պիպոյանը երեխաներին առնչվող մեկ այլ սննդատեսակի` պաղպաղակի հարցում էլ լուրջ մտահոգություն ունի, ընդ որում` սեզոնի հետ հարցի արդիականությունն ավելանում է:

«Մինչեւ այսօր սխալ մակնշված պաղպաղակ է վաճառվում, էլ չեմ խոսում դրա մեջ բուսայուղի ծագման ու քանակի մասին»:

Բայց մտահոգությունները սրանցով ոչ սկսվում են, ոչ էլ ավարտվում: Մասնագետները խորհուրդ են տալիս օրգանիզմին անհրաժեշտ նյութեր ստանալու համար հաճախ օգտագործել միս եւ ձուկ: Բայց խոսքն ամենեւին էլ մեզանում այսօր սպառվող մսամթերքի ու ձկնամթերքի մասին չէ, քանի որ դժվար է այսօր գտնել նշված սննդատեսակներն առանց հորմոնային հավելումների: Հորմոնացված են թե հավի, թե տավարի, թե ձկան միսը: Սրանց օգտագործումը վտանգավոր է. հայտարարում են մասնագետները: Մամուլն օրերս նորից ահազանգեց` չնայած սննդի անվտանգության պետական ծառայության թեեւ ուշացած, բայց, այուամենայնից հնչեցված զգուշացումներին, հայաստանյան խանութներում ու սուպերմարկետների ամենահայտնի ցանցերում շարունակում են վաճառվել արական հորմոններով՝ տեստոստերոնով հարստացված ներկրված հավեր:

Մասնավորապես, «Սադիա» եւ «Ֆրանգոսուլ» ապրանքանիշով հավերը տեստոստերոնի մեծ քանակ են պարունակում: Բավական մատչելի գինը ստիպում է, որ սպառողը ընտրություն կատարելիս ձեռքը հենց սրանց մեկնի: Այս ապրանքանիշի գրավիչ գովազդն էլ գալիս է նպաստելու հենց սրանց ընտրությանը: Բայց ավելի լավ է չուտել, քան այսպիսի մսամթերք օգտագործել, շեշտում են սննդաբաններն ու զգուշացնում` այս հորմոնները երեխաների մոտ աննորմալ կերպով արագացնում են սեռական հասունացումը:

Աղջիկների մոտ դա կարող է առաջացնել հորմոնալ խանգարումներ՝ խիտ մազածածկույթով և այլ տհաճ երևույթներով ուղեկցվող: Հորմոնալ պրեպարատները կարող են առաջացնել ալերգիաներ, ունեն կոնցերոգեն ազդեցություն, հատկապես՝ կրծքագեղձի, ազդում են վերարտադրողական գործառույթների վրա: Մինչև իսկ առաջացնում են անպտղություն աղջիկների և իմպոտենցիա տղաների մոտ, վտանգավոր են հղիների ու պտղի համար, քանի որ կարող են առաջացնել պտղի  զարգացման խաթարումներ, և երեխան կարող է ոչ լիարժեք ծնվել: Իսկ սննդի անվտանգությամբ զբաղվող հայրենի կառույցները սպառողների շահերի պաշտպանների մշտական ահազանգերի առնչությամբ շարունակում են լռել:

Կարդացեք նաև

Back to top button