
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը, Թբիլիսիի Պատրիարքարանում հյուրընկալեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:
Թեմի առաջնորդին ընկերակցում էին բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը և առաջնորդի գավազանակիր Գևորգ սարկավագ Անտոնյանը:
Սրբազան Հայրը Համայն Վրաստանի Պատրիարքին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները, շնորհավորեց գալիք Սուրբ Զատկի տոնը և մաղթեց քաջառողջություն, արևշատ տարիներ:
Հանդիպմանը պատվիրակության անդամները վրացական կողմին ներկայացրեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված համայնքային ծրագրերը և Պատրիարքին փոխանցեցին Վրաստանի հայ հավատացյալների անունից խնդրանք-առաջարկ՝ կապված մեծ Եղեռնի նահատակների հիշատակի ոգեկոչման հետ:
Հանդիպմանը քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Գալիք Սուրբ Զատկի տոնի առիթով թեմակալ առաջնորդը վրաց Պատրիարքին նվիրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ Հարության և Ավետման պատկերներով մանրանկարներ:
Նորին Սրբությունը առ ի հարգանս Հայ Եկեղեցու՝ Վիրահայոց թեմի առաջնորդին և ընկերակցող ամդամներին փոխանցեց վրաց վարպետների ձեռքով պատրաստված զատկական խորհրդանիշեր:
Վերջում Համայն Վրաստանի կաթողիկոս-Պատրիարքն իր օրհնությունը փոխանցեց հայ հավատացյալներին և եղբայրական ողջույններ հղեց Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին:
Հանդիպմանը վրացական կողմից մասնակցում էին Ախալցիխեի և Տաո Կլարջեթի միտրոպոլիտ Թեոդորը, Զուգդիդի և Ցաիշի միտրոպոլիտ Գերասիմը, Պատրիարքարանի մամլո ծառայության ղեկավար Միքայել Բոտկովելին և «21-րդ դար» ոչկառավարական կազմակերպության ղեկավար Պաատա Գաչեչիլաձեն:
Հանդիպումն անցավ ջերմ և քրիստոնեական սիրո մթնոլորտում:
Վիրահայոց թեմի մամլո դիվան




