Հասարակություն

Շղթայի օղակները կամաց-կամաց ձգել ու անուններ չկան. ՀՀԿ պատգամավորը՝ կոռուպցիայի դեմ պայքարի իր մոդելի մասին

lusinevasilyan

Վերջերս կառավարությունը  որոշում կայացրեց Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդ ձևավորելու  մասին: Մոտ 10 տարի համանման կառույց գործել է, այն, սակայն, 2004-ին ստեղծվել էր հանրապետության նախագահի հրամանագրով: Նորը ձևավորվել  է կառավարաության որոշմամբ: Նախորդ կառույցը  դարձյալ ղեկավարում էր հանրապետության վարչապետը, դրա կազմում ընդգրկված էին  բարձրաստիճան պաշտոնյաներ: Այսօր նույնպես խորհրդի անդամներ են  կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը,  արդարադատության, ֆինանսների նախարարները, գլխավոր դատախազը,  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և  Հանրային խորհրդի նախագահները:

Նոր խորհուրդը նախորդի  նման նախագահելու է հանրապետության վարչապետը, բայց դրա կազմում, ի  տարբերություն նախորդի, նախատեսվում է ներգրավել  նաև ընդդիմադիր խմբակցությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:

ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից մեկը ՝ ՀՅԴ-ն , որոշել է ձեռնպահ մնալ նորաստեղծ խորհրդում ներգրավվելուց: «Մենք ստացել են ՀՀ վարչապետի առաջարկը՝ թեկնածու առաջադրելու կապակցությամբ և  պատասխանել ենք, որ ձեռնպահ ենք մնում թեկնածու առաջադրել»:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով՝  պատճառները մի քանիսն են: Այն համակարգը, որը առաջարկվում է, դաշնակցությունը  արդյունավետ չի համարում: Հիշեցնում է, որ ժամանակին ՀՅԴ-ն  ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի  ինստիտուցիոնալ համակարգ ձևավորելու իր առաջարկները:  Դրանք ոչ մերժվել են, ոչ ընդունվել, դաշնակցությունն էլ որոշել է ձեռնպահ մնալ այս կառույցին մաս կազմելուց, ինչը  չի նշանակում, թե դաշնակցությունն ամեն ինչ մերժում է:

«Չենք մերժում որևէ բան, պատրաստ ենք համագործակցել ցանկացածի հետ, բայց կոնկրետ գաղափարների, ծրագրերի շուրջ, ոչ թե ինչ-որ ամորֆ մարմնի»:

Դաշնակցությունը նաև լավ չի պատկերացում, թե կոռուպցիայի դեմ պայքարի ինչ մոդել է որդեգրվել Հայաստանում :   Աշխարհում 3 հիմնական մեխանիզմներ կան. մեկը , երբ գործադիր իշխանությունն ինքն է ձևավորում հակակոռուպցիոն կառույց, սահմանում է բոլոր ընթացակարգերը և պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնումւ: Երկրորդ տարբերակը խորհրդարանականն է, երբ հակակոռուպցիոն մարմինը ձևավորում են  քաղաքական ուժերը և վերջապես երրորդը՝ անկախ մարմին ստեղծելու ճանապարհն է:

«Հիմնական մոդելներից որևէ մեկը չի ընտրվել, այլ, ինչպես հաճախ է պատահում, ընտրվել է հայկական մի նոր մոդել և դրա շրջանակներում էլ անհասկանլի է, թե ինչ արդյունքեր ենք ուզում ստանալ»:

Մինչև ակնկալվող արդյունքների և կոռւպցիայի դեմ պայքարի մոդելի մասին խոսելը՝ հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը կոռուպցիայի մոդելի մասին է խոսում:  Ասում  է՝ ԱՊՀ երկրներում կոռուպցիոն մոդելները գրեթե նույնն են: Իսկ կոռուպցիայի մոդելը պետք է հասկանալ, որ կոռւպցիայի պայքարի ճիշտ մոդելը գտնվի:

Ալեքսանյանը համոզված է, որ  կոռուպցիայի դեմ պայքարը միայն մոդելի ընտրությամբ կամ հանձնաժողովի գործունեությամբ չի սահմանափակվում: «Սահմանադրական բարեփոխումները նույնպես կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակ ունեն, կառավարման բարեփոխումները նույնպես: Այսօր ստուգումներ են գնում, դրանք այն տեղերում են արվում, որտեղ տնտեսական ռիսկեր կան»:

Իսկ ընդհանրապես Լեռնիկ Ալեքսնյանը կարծում է, որ իշխանությունը կախարդական փայտիկ չունի, որ միանգամից ու հիմնովին վերացնի կոռուպցիան: Իշխանությունը պայքարը կարող է տանել քայլերով, ինչն էլ անում է: Պետք է հերթով փակվեն այն անցքերը, որոնք կոռուպցիոն ռիսկեր ունեն, ասում է Ալեքսանյանը և պայքարի իր մոդելն է բանաձևում: « Շղթայի օղակները պետք է կամաց-կամաց ձգել ու անուններ չկան»:

Back to top button