Հասարակություն

Ահազանգ. զատկին ընդառաջ հին ձուն վաճառում են նորի ժամկետով

lianaeghiazaryan

Սպառողների շահերի պաշտպանները Զատկի տոնին ընդառաջ հանդես են գալիս զգուշացումներով ու նոր ահազանգերով: Անցյալ տարիների համեմատ` հավկիթի շուկայում որոշ խնդիրներ լուծվել են, ներկրված ձուն տեղականին խառնելու խնդիրը չկա, կտրուկ գնաճ` եւս, բայց բազմաթիվ այլ` մասնավորապես ձվի ժամկետին ու որակին առնչվող  հարցեր պահանջում են պետական համապատասխան կառույցների ուշադրությունն ու պատասխանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Զատկի տոնին ընդառաջ մենք ձվի շուկայում ամեն տարի ունենում ենք որոշակի ռիսկեր` սկսած թանկացումից մինչև որոշ չարաշահումներ,  «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն է ահազանգում: Բայց, ըստ նրա, այս ամենով հանդերձ հենց այսօր` ամենառիսկային շրջանում` Զատկի տոնին ընդառաջ,  երբ մի քանի օրում սովորականի համեմատ 2-3 անգամ ավելի է հավկիթ սպառվում, որեւէ հետազոտություն, որեւէ դիտարկում, պետական կառույցների կողմից շուկայի ուսումնասիրություն չի իրականացվում: Ոչինչ չհայտնաբերել չի նշանակում խնդիր չունենալ. շեշտում է Պիպոյանը:

Սպառողների շահերի պաշտպանն արձանագրել է` այս տարի պատկերը որոշակիորեն տարբերվում է նախորդ տարիներից: Առաջին դրական հանգամանքը` էական գնաճ չունենք: Կա 5 դրամով թանկացում` 60-ից 65 դրամի է հասել գինը, բայց շուկայում ընդհանուր հանդարտություն է:  Որոշ տեղերում անգամ շատ էժան հավկիթ կա` 45-50 դրամով, ընդ որում` ոչ մանր ձու:

Բայց «բայցեր»-ն էլ այս պարագայում քիչ չեն, հարցերը` առավել եւս: Ինչու ձվի շուկան չի ոսումնասիրվում` հայտնաբերելու խնդիրներ կա՞ն, թե՞ ոչ, արդյո՞ք քաշի հարցում գին ձեւավորելիս արտադրողները չեն խաբում, արդյո՞ք ժամկետերը ճիշտ են մակնշվում, ինչո՞ւ է դեռ վաճառքի հանվում առանց մակնշման ձու, այն էլ խիստ աղտոտված:

Պիպոյանը շեշտում է` խիստ աղտոտված հավկիթները խանութներում չեն, իրացման այլ կետերում են վաճառվում, անգամ՝ փողոցում: Դրանք փոքր-ինչ ավելի էժան են ու սպառվում են շատ մեծ ծավալներով: «Բայց այնպես չէ, որ դա գյուղացիներն են արտադրում, դա արտադրողների մեղքն է, ովքեր առանց լվանալու ձվի որոշակի խմբաքանակ էժան գնով տարածում են:

«Աղտոտված հավկիթի վաճառքը պատահական չէ, որ արգելվում է, դա կարող է լուրջ մանրէաբանական խնդիրների հանգեցնել»,- ասում է Պիպոյանը։

Հավկիթի հայաստանյան շուկան այսօր ինքնաբավ է, ներկրումներ չեն եղել, ինչն ուղղակի ապացույցն է, որ նախապես պահեստավորված տեղական արտադրության խմբաքանակները հիմա մտցվել են իրացման ցանց: Այսինքն` նախկին խնդիրը, երբ ներկրվածը չէր տարբերվում տեղում արտադրվածից, այժմ չկա: Բայց, ցավոք, խնդիրների մասին չխոսել էլ հնարավոր չէ:

Պահեստավորված ձվի մակնշումը կասկածներ է հարուցում: Մենք այս օրերին 2-3 անգամ ավելի ենք հավկիթ սպառում, քան՝ այլ օրերի: Պարզ է, որ շուկա հանված ձուն նախապես է պահեստավորվել հենց այս շրջանի համար: «Բայց մեզ այս օրերին ոչ ոք ցույց չի տա փետրվարին պահեստավորված հավկիթ: Ժամկետը ձվի վրա զետեղվում է բացթողնման օրը»,- ահազանգում է Պիպոյանը:

Չխաբվելու համար սպառողների շահերի պաշտպանը հորդորում է ձու գնելիս անպայման ուշադրություն դարձնել մի շարք հանգամանքների` աղտոտվածություն, կճեպի հարթություն եւ գույն: Հավկիթի կճեպը պետք է անպայման ճերմակ լինի, կաթնագույն լինելը նշանակում է, որ այն արդեն թարմ չէ: Հին հավկիթը լողացող ձայն է ունենում, զգում եք միջի պարունակությունը կարծես պոկված է, թափահարելիս շարժվում է: Հին հավկիթը բարձրանում է ջրի երես, իսկ կոտրելուց հետո դեղնուցն ամբողջապես չի պահպանվում:

Կարդացեք նաև

Back to top button