

ԵՏՄ- ում ընդհանուր արժույթի անցնելու առաջարկը, պարզվում է, այնքան էլ մոտ չէ իրականություն դառնալու համար: Հնչել է պարզապես առաջարկ, որի շուրջ դեռ պետք է մտածել: Նույնիսկ ռուսական կողմն է ասում, որ այս հարցում ամեն ինչ դեռ անորոշ է, եւ առաջարկը դեռ չի նշանակում, որ հենց վաղը պետք է անցնենք ընդհանուր արժույթի:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան Երեւանում այս առնչությամբ ասաց, որ ռուսական կողմն օգտվել է առաջարկ անելու իր իրավունքից, անկեղծանում է, որ այս պահին միությունն ինքը պատրաստ չէ անցնելու ընդհանուր արժույթի, իսկ ժամկետների առումով հիշեցրել է Եվրամիության օրինակը:
«Նախ եւ առաջ անհրաժեշտ է, որ պայմաններ լինեն այդ արժույթը ստեղծելու համար: Օրինակ՝ մենք բոլոր գիտենք ԵՄ փորձը, երբ 2001 թվականին շրջանառության մեջ դրվեց եվրոն, բայց առաջին անգամ փորձում էին այն շրջանառության մեջ դնել 1980 թվականին»:
Ընդհանուր արժույթի անցնելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է կառուցել տնտեսական միությունը, ասում է տիկին նախարարը՝ միաժամանակ անհրաժեշտ համարելով ընդհանուր արժույթը: Հիշեցնում է, որ ռուբլու, դոլարի եւ դրամի վերջին տատանումների արդյունքում ռուսական շուկայում աշխատող հայ գործարարները դեռ շարունակում են վնասներ կրել:
Տատյանա Վալովայան, ի դեպ, այսօր հոռետես էր իր կանխատեսումներում: ԵՏՄ ապրանքաշրջանառությունից այս տարի էլ մեծ սպասելիքներ չունի: «Ամեն դեպքում պարզ է, որ այս տարի ՀՆԱ-ի աճը՝ նախորդ տարվա համեմատ, պակաս կլինի: Տնտեսական տեսանկյունից ԵՏՄ տարին բարդ է լինելու, բայց կարծում եմ, որ 2016 թվականին ճգնաժամից ելքն արդեն կտեսնենք»,- ասում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նախարարը։
Մարտի 20-ին Աստանայում, երբ հավաքվեցին ԵՏՄ անդամ երեք պետությունների նախագահները՝ առանց Հայաստանի ղեկավարի, քննարկվեց ոչ միայն միասնական արժույթի ստեղծման հարցը, այլեւ ԵՏՄ աշխատանքին առնչվող մի շարք այլ կարեւոր հարցեր:
Հայաստանը մտահոգված չէ այս նախադեպից։ Համենայնդեպս՝ այդպես է հավաստիացնում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Երբ Օլանդը եւ Մերկելը հանդիպում են, նրանք, բնականաբար, անդրադառնում են նաեւ ԵՄ հարցերին, սակայն երբեւէ չի նշվում, որ մնացած բոլոր երկրները եւս պետք է հանդիպեն: Դա ԵՏՄ պաշտոնական հանդիպում չէր, դա երեք երկրների նախագահների հանդիպում էր, որոնց թվում, բնականաբար, քննարկվել են նաեւ ԵՏՄ հարցեր: Ես չեմ կարծում, որ մենք պետք է այդ առումով հարցեր բարձրացնենք»,- ասում է։
Ինչ վերաբերում է «Բլումբերգ» հեղինակավոր պարբերականի այսօրվա կանխատեսմանը՝ Ռուսաստանի տնտեսության կայունացման վերաբերյալ, ապա որոշակի սպասելիքներ այս կայությունից, բնականաբար ունեն նաեւ Հայաստանում: «Հուսով ենք, որ կայունացնող պրոցեսն արդեն ընկավ իր հունի մեջ եւ դրանից հետո նաեւ Հայաստանի արտադրողների համար հատկապես շատ ավելի մեծ հստակություն կլինի գների արտահանման եւ այլնի առումով»։




