

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Գյումրիի ողբերգական դեպքերին անդրադառնալով՝ այսօր հայտարարեց, որ հանրության պահանջը չի կատարվել: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անընդհատ նամակներ է գրում ՌԴ իր պաշտոնակցին, որոնք մնում են անպատասխան.Իսկ շա բաթ օրը Գյումրիում կայացած «Հիմնադիր խորհրդարան»-ի հանրահավաքում դանակահարության դեպքը, ինչպես նաև բախումները չէին լինի, եթե ոստիկանությունն իր գործը կատարեր ու չմատնվեր անգործության:
Ընդառաջելով հայ ժողովրդի խնդրանքին՝ ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա Հայաստանում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում, Ավետիսյանների գերեզման այցելելուց հետո ասել էր Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը մեկնաբանելով ռուս պատգամավորի այս հայտարությանը նշում է՝ նրանք մեզ ուզում են ասել, որ լավություն են անում: «Իրականում պարզ չէ՝ ով է այդ խնդրանքն իրենց հասցրել, կամ էլ մենք խնդրո՞ւմ ենք, որ դատավարությունը Հայաստանում անցկացվի: Սա առնվազն երեսպաշտական հայտարարություն էր»,- ասում է Լևոն Բարսեղյանը։
Լեւոն Բարսեղյանը գտնում է, որ Ավետիսյանների 7 զոհերը պետք է ունենային առնվազն մեկական փաստաբան, որպեսզի գործը լիներ վերահսկելի ու կարծում է, որ «երկուսուկես ամսում այդ գործը պետք է բացահայտած լինեին»։
Բարսեղյանը շեշտում է,որ հանրությունը պետք է պահանջատեր լինի այս հարցում, քանի որ սա ոչ առաջին դեպքն է, ոչ վերջինը՝ դժբախտաբար: Ի դեպ՝ նշենք,որ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ասել էր, որ 102-րդ ռազմաբազայի անձնակազմից մի խումբ մարդիկ տույժերի են ենթարկվել, ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն նոր հրամանատար է նշանակվել: Լեւոն Բարսեղյանն ասում է, որ «մարդկանց արդյունքն է հետաքրքրում»։
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը անդրադարձավ նաև օրերս Գյումրիի Թատերական հրապարակում տեղի ունեցած «Հիմնադիր խորհրդարան»- ի ներկայացուցիչ Հրաչիկ Միրզոյանի դանակահարությանը։ Բարսեղյանը նշեց,որ հանրահավաքի մասնակիցներին սադրողները 15-22 տարեկան երիտասարդներ են եղել: Ըստ բանախոսի` դանակահարության դեպքը, ինչպես նաև բախումները, չէին լինի, եթե ոստիկանությունն իր գործը կատարեր ու չմատնվեր անգործության.
Հիշեցնենք, որ տեղի ունեցած դանակահարության փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել։




