

Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկով փոփոխությունները։ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ուսումնասիրելով միջազգային կրթական տենդենցնեը, Հայաստանի հասարակության զարգացման հեռանկարները առաջարկվում է պարտադիր կրթությունը 9-ից դարձնել 12- ամյա։
Գաղափարը լավն է, բայց ներկա պայմաններում այն հնարավոր չէ իրականացնել, ասել է ՀԱԿ խմբակցությունից պատգամավոր Արամ Մանուկյանը։ «1400 դպրոցներից մենք ունենք 860 դպրոց, որոնք իրականացնում են միջնակարգ կրթություն։ Այդքանն են, որ դա կարող են այս ծրագիրն իրականացնել։ Ունենք 250-300 դպրոց, որտեղ 100- ից ավելի աշակերտ չունենք»։ Ընդդիմադիր պատգամավորը եւս մեկ թիվ էլ է նշել։ Հայաստանում կա 109 ավագ դպրոց, որոնցից միայն 9- ն է գյուղական համայնքներում։
Կրթության եւ գիտության նախարարը հստակեցրել է, որ առաջարկվող փոփոխությունը կտարածվի նրանց վրա, ովքեր հաջորդ տարի կընդունվեն իններորդ դասարան՝ հաշվի առնելով նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Սա նշանակում է, որ երեխաները դպրոցում սովորելու են մինչեւ 19 տարեկան եւ հենց այդ տարիքն է արձանագրված օրենքում։




