

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «իրենց լիազորությունից դուրս չէին», երբ նախագահական նստավայր գնալու ու Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական բարեփոխումներ քննարկելու որոշում էին կայացնում:
Բանն այն է, որ իր բացակայության օրերին կուսակցության պատասխանատուն Արմեն Մարտիրոսյանն Է: Րաֆֆին Հովհաննիսյանն ասում է, որ հանդիպման հնարավորության մասին իմացել է նախապես, բայց հանդիպման մասին իմացել է միայն կայանալուց հետո։ Վերջինս չի հերքում, որ իր բացակայության ժամանակ եղել են մեթոդաբանական սխալներ, ոչ կշռադատված քայլեր։ Եղել է ներքին վեճ, որն այսօր դարձել է բաց վեճ:
Հիշեցնենք՝ կուսակցության վարչության մի շարք անդամներ մեղադրում էին Արմեն Մարտիրոսյանին և Ռուբիկ Հակոբյանին նախագահական նստավայր գնալու համար՝ նշելով, որ իրենք վարչությունում որոշել էին չգնալ նախագահական։ Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նշել էր, որ իր երկու գործընկերները որպես մասնավոր անձինք որոշել են գնալ նախագահի հետ հանդիպման, իսկ «Ժառանգության» կողմից այս հրավերը չէր ընդունվել։
«Մեծ պահքն է: Ես ներում եմ Սերժ Սարգսյանին՝ իմ ընտրության գողության համար: Ներում եմ Վեհափառին՝ Աստվածամոր Աստվածաշունչը կեղծ երդման ներկայացնելու համար: Սա ասում եմ ամենայն անկեղծությամբ՝ մեծ պահքի ոգով: Իհարկե, չեմ կարող սա անել ողջ ժողովրդի անունից, ուրեմն՝ հերթը Սերժ Սարգսյանինն ու Վեհափառինն է՝ ներողություն հայցելու ժողովրդից, ՀՀ քաղաքացիներից»,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ժառանգության» ղեկավարը այսօր անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների քննարկումներին։ «Մեր դիրքորոշումը մնում է նույնը՝ Սերժ Սարգսյանը չունի քաղաքական լեգիտիմություն, իրավակարգ վիճակ՝ հայ ժողովրդին վստահության մթնոլորտում ներկայացնելու սահմանադրական փոփոխությունները»:
ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասայնաը, սակայն, համոզված է, որ սահմանադրական բարեփոխումները միտված է կառավարման համակարգը նոր որակի բերելուն։ ՀՀԿ- ական պատգամավորն ասում է, որ առավել արդյունավետ հնարավորություն է ընձեռնվելու բոլոր խմբակացություններին, ու հատկապես խորհրդարանական փոքրամասնություններին նոր լիազորոություններ են տրվելու։




