

Խորհրդարանը շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքը: Այսօրվա նիստը սկսվել է երեկ քննարկված հարցերի քվեարկությամբ: Ազգային ժողովը 113 կողմ-ով, առանց դեմ և ձեռնպահ ձայների առաջին ընթերցմամբ ընդունել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն նախատեսող նախագիծը: Դրանով առաջարկվում է դեկտեմբերի 9-ը սահմանել ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Նույնքան միանշանակ չի եղել դիրքորոշումը խորհրդարանում բյուջետային գրասենյակի ստեղծում առաջարկող օրինագծի նկատմաբ: ԱԺ 4 խմբակցությունների պատգամավորների հեղինակած նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ձայների 88 կողմ, 20 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ: Կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը: ՀԱԿ –ն ու ԲՀԿ-ն դեմ են արտահայտվել՝ նշելով նոր մարմնի հակասահմանադրականության խնդիրը: Հիշեցնենք, առաջարկվում է խորհրդարանում ստեղծել փորձագետների աշխատանքային խումբ, որը բյուջետային գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ մասնագիտական աջակցություն և տեղեկատվություն կտրամադրի պատգամավորներին ու խմբակցություններին:
Հեղինակներից Արծվիկ Միանսյանը ափսոսանք է հայտնել, որ պատգամավորների մի մասն այդպես էլ խորամուխ չեղավ նախագծի էության մեջ:
Խորհրդարանն այժմ քննարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015թ. տարեկան գործունեության ծրագիրը: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը պատասխանում է պատգամավորների հարցերին:




