Քաղաքական

Կարեն Բեքարյան. ԵՏՄ- ի անդամակցությունից հետո անորոշությունն ավարտված է

karenghazaryan

Հայաստանը, փաստորեն, իր բոլոր ակնկալիքներով կանգնած է Ռիգայի գագաթաժողովի նախաշեմին, եւ մի բան հաստատ կարելի է ասել՝ ԵՄ կառույցների, խորհրդարանականների, տարբեր պաշտոնյաների մոտ առկա անորոշության փուլն ավարտված է: Այս համոզմունքն է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԵՄ-ի հետ կապված միջոցառումների արդյունքներին:

ԵՄ շրջանակներում Հայաստանի՝ ԵՏՄ մուտք գործելուց հետո առաջացած անորոշության փուլն ավարտված է, ԵՄ-Հայաստան հարաբերություններում այլեւս կարելի է վստահաբար ասել, որ այս առումով պատկերացման ճգնաժամ չկա։ Քաղաքագետ Կարեն Բեքարյանն այս համոզմունքին է հանգել վերջին մեկ շաբաթվա ընթացքում «եվրոպական ուղղությամբ» տեղի ունեցած միջոցառումների արդյունքների վերլուծումից հետո։ «Այլ խնդիր, որ սա պիտի գա ու հասնի հռչակված «եւ, եւ»-ի քաղաքականության առաջին «եւ»-ի՝ եվրոպական ուղղության միս ու արյուն ստանալուն՝ արդեն իրավապայմանագրային հենքով»,- ասում է նա։

ԵՄ եւ ԵՏՄ ուղղությունների տարբերությունները օբյեկտիվ են: Կարեն Բեքարյանը կարծում է, որ չպետք է մոռանալ, որ ԵՏՄ-ն տնտեսական միություն է եւ այնտեղ հիմնականում գործ ենք ունենալու տնտեսական բաղադրիչի հետ: Այդ ուղղությունն այնքան էլ քաղաքական օրակարգի անցումների հնարավորություն չի տալիս։

Քաղաքագետն այստեղ որեւէ անբնական բան չի տեսնում: Չի տեսնում նաեւ հակասություն: Փոխարենը, ըստ նրա, տվյալ իրավիճակը հնարավորություն է տալիս Հայաստանին նաեւ առավել նախաձեռնողական լինելու:

Բեքարյանի գնահատմամբ՝ որքան մենք փորձենք երկու ուղղությունների միջեւ հակասություններ գտնել՝ կգտնենք ավելի շատ, սակայն, նրա ձեւակերպմամբ, Հայաստանի շահերից բխում է ոչ թե հակասությունների, այլ՝ հնարավոր ընդհանրությունների վրա հենվելը։ Հենց այդ կերպ պետք է փորձել առավելագույն արդյունավետությամբ «եւ, եւ»-ին հասնել ու կյանքի կոչել։ Այսինքն՝ համադրություններից օգտվել առավելագույն կերպով ու առավելագույնս նվազեցնել հակադրությունները, ասում է։

Կարդացեք նաև

Back to top button