Հասարակություն

Երրորդմասցի Լյովիկի գործով հետախուզվողները ինքնակամ հանձնվել են

Այսօր՝ մարտի 23-ին, ժամը 21-ի սահմաններում, ինքնակամ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են ներկայացել 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող՝ 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ) :
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համատեղ միջոցառումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել են։ Նախնական տեղեկություններով՝ մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ:

Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Մելիքյանը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Ոստիկանությունը մարտի 12-ին հետախուզում էր հայտարարել ՀՀ քրեական օրենսգրքի 104 եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ:

Կարդացեք նաև

Back to top button