Քաղաքական

Ինչպես զսպել հակառակորդին. առաջարկ՝ ազատամարտիկներից

karenghazaryanarminegevorgyan
Ադրբեջանի կողմից իրականացված վերջին դիվերսիոն հարձակմանն են այսօր անդրադարձել ՀՀ առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը եւ նախկին ազատամարտիկ, «Կարին» ավանդական պարի համույթի հիմնադիր եւ ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նրանք նաեւ իրենց դիտարկումներն են ներկայացրել՝ կապված հարցի հետ, թե ինչպես է պետք զսպել հակառակորդին եւ թե այդ առումով ինչ թերացումներ կան:

 

 

Եթե մենք սահմանների պաշտպանության առումով որեւէ հարցում անգամ չթերանանք, միեւնույնն է, մերձկասպյան թուրքերն ինչ-որ հարց են լուծում եւ հարձակումներ լինելու են: Այս համոզմունքին է ՀՀ առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:

«Ուղղակի մենք պետք է այնքան խելացի լինենք ու այնքան լավ կազմակերպենք մեր պաշտպանական գործունեությունը, այնքան լավ իրականացնենք, որ կորուստները լինեն մինիմալ կամ չլինեն»:

Ասվածի հետ համամիտ է  նախկին ազատամարտիկ, «Կարին» ավանդական պարի համույթի հիմնադիր եւ ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նա նույնպես կարծում է, որ նման միջադեպերից հնարավոր չէ իսպառ խուսափել, ուստի պետք է առավել զգոն լինել:

«Իհարկե, պետք է ավելի ու ավելի զգոն լինել՝ շատ լավ հասկանալով հակառակորդի տեսակը եւ հասկանալով, որ նա, ուղղակի, նաեւ ինչ-որ չափով քաղաքական խնդիրներ է լուծում, նաեւ՝ հարցը օրակարգում պահելու խնդիր է լուծում»:

Պիտի հասկանանք, որ ապրում ենք ընդհատված, բայց չավարտված պատերազմի պայմաններում՝ հավելեց Գագիկ Գինոսյանը՝ շեշտելով, որ մեր գործողություններն էլ պիտի բխեն հենց այդ հանգամանքից: Գագիկ Գինոսյանի խոսքով՝ ժամանակն է պաշտպանական համակարգում ավելի արդյունավետ միջոցներ կիրառելու մասին մտածելու: Օրինակ, ըստ նրա, համազգային բանակի ստեղծումը կարող է լինել դրա ձեւերից մեկը:

Վովա Վարդանովն այդ առումով կոնկրետ առաջարկներ ունի: Նա հիմնադրել է «Ողջ մնալու արվեստ»-ը ակումբը, որն իր մեծ ծրագրերի մի փոքրիկ բաղադրիչն է միայն: Նա կարծում է, որ  անհրաժեշտ է ստեղծել տարածքային պաշտպանության համակարգեր, որի մեջ ընդգրկված կլինեն սահմանամերձ բնակավայրերի բոլոր բնակիչները՝ ունենալով զենք կրելու եւ պահելու իրավունք: Վովա Վարդանովը չի կիսում մտահոգությունները՝ կապված հանցագործությունների աճի հետ:

«Հանցանքները, հիմնականում, եթե կատարվում են հրազենով, կատարվում է անօրինական հրազենով»:

Պատերազմող երկրում սահմանամերձ գյուղերում բնակիչները պիտի ունենան զենք կրելու իրավունք: Պետք է ստեղծել հատուկ համակարգված կենտրոն՝ անվտանգության խորհրդի տրամադրության տակ: Վովա Վարդանովի խոսքով՝ տարբեր երկրներում կան նման փորձեր, որոնք պետք է ներդնել:

Գագիկ Գինոսյանը նկատեց, որ մեր սահմանների պաշտպանության համակարգում ներգրավված չեն բարձր տեխնոլոգիաները, որոնցով մենք շարունակ հպարտանում ենք: Մինչդեռ, նրա խոսքով, դրանք պետք է ներգրավվեն գոնե այն հատվածներում, որտեղ ավելի հաճախ են տեղի ունենում դիվերսիոն միջադեպեր:

«Նման դիրքերը պիտի նաեւ պաշտպանվեն տեխնոլոգիական նորամուծություններով, որոնք առավել անվտանգ կդարձնեն եւ թույլ կտան կանխել եւ ոչ թե հտո փորձել հետ մղել որեւէ տեսակի դիվերսիոն դրսեւորում: Այս առումով, կարծում եմ, մենք ունենք անելիք եւ դա ամբողջ պետականության խնդիրն է: Առաջին հերթին, իհարկե, պաշտպանության նախարարության»:

Այն, ինչի մասին խոսվում է առանձնապես աններելի գումարների հետ չի կապված՝ հավելեց Գագիկ Գինոսյանը: Նա կարծում է, որ այդ գործում կարելի է օգտագործել նաեւ համայն հայության մտավոր ներուժը:

Վովա Վարդանովի կարծիքով՝ նոր տեխնոլոգիանների հետ մեկտեղ պիտի նաեւ հին մեթոդներ կիրառել: Ըստ նրա, օրինակ, սահմանների պաշտպանության գործում պետք է ներգրավել նաեւ շների: Դրա համար հատուկ շնաբուծարաններ է պետք ստեղծել: Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկել եւ քայլ կատարել՝ հավելեց հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիրը:

Վովա Գասպարովը նաեւ անհրաժեշտ համարեց ոչ թե միայն զոհվածներին պարգեւատերել, այլեւ՝ այն զինվորներին, որոնք կարողացել են հերոսաբար կռվել ու հետ մղել հակառակորդին: Նմաննների մասին նույնպես պիտի խոսել ու խրախուսել, նրանք պիտի դառնան օրինակ: Վովա Վարդանովն անդրադարձավ նաեւ թշնամու կողմն ացած զինվորի քայլին՝ ասելով, որ լրջորեն պիտի մտածել նաեւ այդ մասին, քանի որ դա դաստիարակության ու միջավայրի մեղավորության արդյունք է:

 

 

 

 

Կարդացեք նաև

Back to top button