Հասարակություն

ՀԱԱՀ և Գլաձոր համալսարանը 4, իսկ Հյուսիսային համալսարանը 2 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել

Հայաստանի ազգային ագրարային համալսարանին և Երևանի «Գլաձոր» համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով, իսկ Հյուսիսային համալսարանին` պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով: Նման որոշում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովը կայացրեց մարտի 21-ին տեղի ունեցած նիստում: Այս մասին հայտնում են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հասարակության հետ կապերի բաժնից:

Յուրաքանչյուր բուհի համար տեղի ունեցավ առանձին քննարկում, որտեղ հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացրեց բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի տված խորհրդատվությունները և գնահատականը բուհի`փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրին:

Իրենց տեսակետը հայտնելու և հանձնաժողովի հարցերին պատասխանելու հնարավորություն տրվեց նաև բուհերի ներկայացուցիչներին: Այնուհետև դռնփակ նիստում հանձնաժողովը որոշում կայացրեց:

Հավատարմագրման նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:

Հավատարմագրման հանձնաժողովն առաջիկայում որոշում կկայացնի նաև հավատարմագրման գործընթացն անցած մյուս բուհերի վերաբերյալ:

Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովն որոշում էր կայացրել ևս երեք բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ`ԵՊՀ-ին շնորհելով 6, իսկ ԵՊԲՀ-ին և ՀԱՊՀ-ին`4 տարով հավատարմագրում:

Back to top button