ԿարևորՀասարակություն

Սուր շնչառական վարակներով հիվանդացությունը գերազանցել է համաճարակային շեմը

Հանրապետությունում անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է շնչառական վարակների և գրիպով հիվանդացության դեպքերի կտրուկ աճ: ՀՀ առողջապաության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են, որ սուր շնչառական վարակներով հիվանդացությունը գերազանցել է համաճարակային շեմը շուրջ մեկ ու կես անգամ: Հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը:

«Գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակի բռնկումը կանխարգելեու նպատակով ՀՀ առողջապահության  նախարարության նախաձեռնությամբ  և  առաջարկությամբ ՀՀ կրթության և գիտության   նախարարության կողմից հանրակրթական հաստատություններում գարնանային արձակուրդները երկարաձգվեցին»,- ասել է Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով` վերլուծությունները ցույց են տալիս, որ  դեպքերի գրեթե 80 տոկոսը  արձանագրվել է  0-18 տարեկանների շրջանում:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում  գրանցվել է 5800 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5600 դեպքի դիմաց: Ներկայումս ստացիոնար պայմաններում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 570 հիվանդ:  160-ի մոտ արձանագրվել է թոքաբորբ,  որոնցից  120-ը մանկահասակ երեխաներ են: Նշենք, որ թոքաբորբը զարգացել է ուշացած դեպքերում: Այս տարի սուր շնչառական վարակներով պայամնավորված մահվան դեպքեր չկան:

«Սա էր պատճառը, որ ահազանգը հիմք ընդունելով, ինչպես նաև վերլուծելով  տարածաշրջանի համաճարակային իրավիճակը առաջարկվեց երկարաձգել  գարնանային արձակուրդները»,- ընդգծել է բանախոսը:

Գրիպի ու դրա բարդություններից խուսափելու համար` ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բնակչությանը խուսափել հիվանդների հետ շփումից, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային բժիշկին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և ամենակարևորը` չզբաղվել ինքնաբուժմամբ:

Կարևոր է պահպանել նաև եղանակին համապատասխան հագնվելու, հազի և փռշտալու վարվելակարգը, ինչպես նաև անհրաժեշտ է հնարավորինս շատ հեղուկներ օգտագործել և փակ տարածքները հաճախակի օդափոխել:

 

Back to top button