Հասարակություն

Պերմյակովից բացի այլ անձ եղե՞լ է Ավետիսյանների տանը, թե՞ ոչ

arminegevorgyan

Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանության դեպքի գործով վերջին շրջանում մի շարք փորձաքննությունների եզրակացություններ են ստացվել, Ավետիսյանների իրավահաջորդները ներկա են գտնվել մի շարք փորձաքննությունների: Նա հայտնել է, որ առկա է նաեւ դատակենսաբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ դեպքի վայրում հայտնաբերված հագուստի եւ Պերմյակովի քրտինքները խմբային պատկանելիությամբ համընկնում են։

«Այդ հագուստը եղել է Պերմյակովի հագին, թե ոչ, կպարզի դատագենետիկական փորձաքննությունը»,- ասել է փաստաբանը։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների խոսքով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են նաեւ բազմաթիվ պարկուճներ եւ գնդակներ։«Ավետիսյանների տանը հայտնաբերվել է 28 պարկուճ։ Սա նշանակում է, որ առնվազն այդքան կրակոց է հնչել հունվարի 12-ին»,- նշել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը։ Ինչ վերաբերվում է Պերմյակովի հոգեկան առողջությանը, ապա փաստաբաններն այդ մասին տեղեկություններ չունեն, քանի որ այդ հարցը քննում է ռուսական կողմը։

Ի մի բերելով առկա եզրակացությունները՝ Վարոսյանն ընդգծել է, որ դատագենետիկական փորձաքննությունը շատ հարցերի կպատասխանի, այդ թվում՝ Պերմյակովից բացի այլ անձ եղել է Ավետիսյանների տանը, թե ոչ։

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին:

Back to top button