Քաղաքական

Մեկնարկեց ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության նիստը

Խորհրդարանում այսօր մեկնարկել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը՝ ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահներ Սամվել Ֆարմանյանի եւ Սաջադ Քարիմի նախագահությամբ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Հարգելի համանախագահներ,

Հարգելի գործընկերներ,

Ողջունում եմ ձեզ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը Երեւանում անցկացնելու կապակցությամբ: Մենք այս շաբաթ առիթ ունեցանք աշխատելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում բազմակողմ ձեւաչափում, որն ինչպես արդեն նշել եմ Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության միջեւ համագործակցության ընդլայնման կարեւոր հարթակ է: Այսօր կրկին հաճելի առիթ ունեմ ողջունելու ձեզ մեկ այլ՝ միջխորհրդարանական համագործակցության երկկողմ ձեւաչափում:

Կուզենայի խորհրդարանական այս ամբիոնից եւս մեկ անգամ նշել, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից, քանի որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա եւ համաեվրոպական արժեքների տարածումը այս համագործակցության առանցքն է:

Կուզենայի եւս մեկ անգամ հատուկ ընդգծել այս տարիների ընթացքում Եվրոպական միության կառույցների հետ ունեցած սերտ համագործակցությունը, որի արդյունքում մեծ աջակցություն է ցուցաբերվել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնք ուղղված էին Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության ապահովմանը, լավ կառավարմանը եւ այլն: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը այսուհետ նույնպես կշարունակվի:

Տիկնայք եւ պարոնայք,

Այս տարի հայ ժողովուրդը եւ քաղաքակիրթ ողջ աշխարհը ոգեկոչում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Պետք է առանձնահատուկ նշեմ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում Եվրոպական խորհրդարանի դերը, որը համաեվրոպական կառույցներից առաջինն էր, որ 1987 թվականի իր բանաձեւով դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ կատարված ոճրագործությունը` կոչ անելով Թուրքիայի կառավարությանը ճանաչել այն: Երկու օր առաջ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, որով հարգանքի տուրք մատուցվեց մարդկության դեմ իրականացված բոլոր հանցագործությունների նահատակների հիշատակին: Մեր համատեղ փաստաթուղթը կարեւոր ներդրում է ցեղասպանությունների ճանաչմանը, դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված քաղաքակիրթ աշխարհի պայքարում:

Կրկին ողջունելով ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի անցկացման կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ կառուցողական քննարկումներ եւ արդյունավետ աշխատանքե:

Հանձնաժողովի անդամներին ողջունել են նաեւ համանախագահներ Սամվել Ֆարմանյանը եւ Սաջադ Քարիմը:

Սամվել Ֆարմանյանի գնահատմամբ՝ հանդիպումների նման ձեւաչափն առանձնահատուկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս բոլոր խնդիրները բաց եւ անկաշկանդ մթնոլորտում քննարկել: Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ հիմքում ունենալով ընդհանուր արժեհամակարգը եւ բացառիկ այն ճշմարտությունը, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության անքակտելի մասն է: Պարոն Ֆարմանյանը հավաստիացրել է, որ Հայաստանը միջխորհրդարանական ձեւաչափով նման հանդիպումները երբեք չի ծառայեցրել եւ չի ծառայեցնելու ազգամիջյան թշնամանք հրահրելուն եւ հակաադրբեջանական բանաձեւերի ընդունմանը: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ բանախոսը կարեւորել է խնդրի խաղաղ կարգավորումը, ինչը, նրա գնահատմամբ, այլընտրանք չունի: Սամվել Ֆարմանյանը ողջունել է Եվրախորհրդարանի պատգամավորների՝ Արեւելյան գործընկերության քաղաքականության որոշակի վերանայման արդյունքում գործընկեր երկրների հետ ավելի տարբերակված մոտեցում կիրառելու քայլը:

Ողջունելով ներկաներին՝ ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ Սաջադ Քարիմն իր խոսքում հույս է հայտնել, որ նիստի ընթացքում կծավալվի կառուցողական երկխոսություն եւ քննարկման ենթակա տեքստի նախագիծը դրական արդյունք կունենա: Հարավային Կովկասը շատ կարեւոր տարածաշրջան է Եվրոպական միության համար եւ Եվրոպական խորհրդարանը մտադիր է քաղաքական կապիտալ ներդնել հանուն երկկողմ հարաբերությունների զարգացման, այդ թվում նաեւ Հայաստանի հետ երկկողմ ձեւաչափով:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա վիճակի մասին իր ելույթում ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարեւորում է համագործակցության խորհրդարանական ձեւաչափը եւ երկխոսությունը Եվրոպական միության հետ: Նշվել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը շատ արժեքավոր է տարածաշրջանային խաղաղության եւ զարգացման հարցում: Ըստ փոխնախարարի՝ Հայաստանը պատրաստակամ է խորացնել համագործակծությունը ԵՄ-ի հետ՝ նպատակ հետապնդելով շարունակել ժողովրդավարական հաստատությունների եւ դատական համակարգի բարեփոխումները, պաշտպանելով մարդու իրավունքները եւ պայքարելով կոռուպցիայի դեմ: Հայաստանը եւ Եվրամիությունը համաձայնեցրել են իրենց հարաբերությունների նոր իրավական հիմքը ձեւավորելու անհրաժեշտությունը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի թարմացումը: Խոսելով շարժունակության ոլորտում համագործակցության հաջորդ փուլից՝ պարոն Նազարյանը կարեւորել է Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճամփորդելու ռեժիմի ապահովումը: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից՝ փոխնախարարը հիշեցրել է, որ օրեր առաջ Եվրոպական խորհրդարանն ամենամյա զեկույց է ընդունել մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ, որում կոչ է արվում բոլոր անդամ-պետություններին Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին ճանաչել եւ շարունակել նպաստել Ցեղասպանության ճանաչմանը: Փոխնախարարը նաեւ վստահեցրել է, որ Հայաստան-ԵՄ ԽՀՀ-ը կարեւոր դեր ունի երկկողմ հարաբերությունների խորացման գործում:

Թեմայի շրջանակներում Եվրոպական միության անունից խոսել է ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության վարչության պետի տեղակալ Ադրիանո Մարտինսը: Խոսելով ԵՄ-Հայաստան համագործակցությունից՝ նշվել է, որ այն շարունակվում է գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի հիման վրա եւ ԵՄ-ն, ցանկանալով այն խորացնել, փորձում է գտնել համատեղ ոլորտներ եւ հետաքրքրություններ: ԵՄ-ը շարունակելու է համագործացությունը տնտեսական զարգացման, էներգետիկայի, միգրացիայի, շարժունակության, անվտանգության, բարեխիղճ կառավարման բնագավառներում եւ փորձելու է ավելի հասցեական եւ արդյունավետ դարձնել իր քաղաքականությունը: Անդրիանո Մարտինսը շեշտել է, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության հիմնարար սկզբունքները, ամենայն հավանականությամբ, կմնան անփոփոխ: ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ Եվրոպական միությունը նախկինի պես Հայաստանի արտաքին առեւտրի խոշորագույն գործընկերն է: 2014 թ.ի վիճակագրական տվյալներով Եվրոպական միությանն է բաժին ընկնում Հայաստանի արտաքին առեւտրի կամ Հայաստանից արտահանումների 29 տոկոսը եւ դեպի Հայաստան ներմուծումների 24 տոկոսը:

Սամվել Ֆարմանյանն առաջարկել է հաստատել նիստի օրակարգը եւ 2014 թվականի փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստի արձանագրությունները: Առաջարկներն ընդունվել են:

,Քաղաքական զարգացումները եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարներըե թեմայով ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նա անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման գործընթացի մեկնարկին եւ փուլերին, կատարված աշխատանքին, ինչպես նաեւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումից հետո ԵՄ-ի հետ համագործակցության մակարդակին: Պարոն Պողոսյանի համոզմամբ՝ կարեւորը քաղաքական զարգացման շրջանակում բարեփոխումների արդյունավետ իրականացումն է: Խոսելով Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների գործընթացից՝ նա հույս է հայտնել, որ այդ բարեփոխումները միտված կլինեն մարդու իրավունքների պաշտպանությանը եւ արդարադատության ոլորտի խնդիրների լուծմանը:

,Հայաստանի նկատմամբ ԵՄ առեւտրային քաղաքականության գնահատում. տեսակետների փոխանակում արտոնությունների ընդհանուր համակարգի եւ առաջընթացի ցուցանիշների վերաբերյալ /GSP+/, տնտեսական իրավիճակը Հայաստանում, տնտեսական համագործակցության հեռանկարներըե զեկույցի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Նրա խոսքով՝ ՀՀ-ն եւ ԵՄ-ն մի շարք համաձայնագրեր են ստորագրել եւ համագործակցում են տարբեր ծրագրերի շրջանակներում, որոնք նպաստում են նաեւ ՀՀ տնտեսության զարգացմանը: Պարոն Վարդապետյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է ողջամիտ մակրոտնտեսական քաղաքականություն վարել եւ իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ՝ օգտվելով կայուն զարգացման եւ լավ կառավարման խթանման հատուկ մեխանիզմներից՝ Ընդհանուր սակագնային արտոնությունների ԵՄ համակարգի շրջանակներում: Նա կարեւորել է նաեւ այն հանգամանքը, որ լինելով արդեն ԵՏՄ անդամ՝ Հայաստանը կարող է լրացուցիչ գրավչություն ստանալ եվրոպացի ներդրողների համար: Պատգամավորը նշել է, որ Հայաստանն եվրոպացի գործընկերներին առաջարկում է գործարարության լիբերալ եւ գրավիչ պայմաններ, նորաստեղծ ազատ տնտեսական գոտիներ, բիզնեսին աջակցելու նպատակով կիրառվող զանազան տնտեսական գործիքներ, որակյալ, կրթված, տնտեսապես շահավետ աշխատուժ:

Եվրոպական միության հետ ոլորտային համագործակցության ընդլայնման վերաբերյալ խոսել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նա նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Արեւելյան գործընկերության բազմակողմ համագործակցության ձեւաչափում՝ մասնակցելով այդ շրջանակում ժողովրդավարության, արդյունավետ կառավարման, կայունության, էներգետիկ անվտանգության, մարդկանց միջեւ շփումների հարցերին նվիրված հանդիպումներին: Տիկին Եսայանը ներկայացրել է տարբեր բնագավառներում ԵՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու նպատակով իրականացվող ծրագրերն ու միջոցառումները:

Խորհրդարանականները ներկայացրել են իրենց գնահատականները եւ պատկերացումները թե կատարված եւ թե կատարվելիք քայլերի մասին:

Մարտի 20-ին խորհրդարանում կշարունակվի հանձնաժողովի նիստի աշխատանքը:

 

Back to top button