Հասարակություն

Այսօր կառավարությունում

hasmikdilanyan

Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը ծնված 33 անձանց տրվող գումարի չափը կավելանա

2015 թվականի ապրիլի մեկից Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրածներին տրվող ամսական դրամական օգնության չափը քսանհինգ հազար դրամի փոխարեն կդառնա հարյուր հազար դրամ: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: 75 հազար-ական դրամով օգնության չափը բարձրացնելով՝ ՀՀ պետական բյուջեից կհատկացվի լրացուցիչ ամսական շուրջ 2.5 մլն դրամ կամ տարեկան մոտ 30 մլն դրամ:

2015 թվականի համար տարեկան լրացուցիչ գումարը ապրիլ-դեկտեմբեր (9 ամիս) ամիսների համար կկազմի 22.3 մլն դրամ, որը հնարավոր կլինի ֆինանսավորել ՀՀ 2015 թ. պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված չափաքանակների շրջանակներում` ներքին խնայողությունների հաշվին: Նշենք, որ 2015-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած 33 անձանց տրվում է քսանհինգ հազար դրամ:

Համայնքների խոշորացման ծրագի գործնական մեկնարկը շուտով կտրվի

Կառավարության նախաձեռնած համայնքների խոշորացման ծրագի գործնական մեկնարկը շուտով կտրվի: Գործադիրում նախապատրաստվում են հաստատել նախագծեր, որոնցով Սյունիքի, Լոռու և Տավուշի մի շարք համայնքներում տեղական հանրաքվեներ կանցկացվեն: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունը 2011 թվականի նոյեմբերի 10-ին հավանություն է տվել համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգին: ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից քննարկվել են համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի երկու տարբերակներ՝ ծրագրային և վարչական: Ծրագրային փունջը նշանակում է որևէ ծրագրի (հիմնականում՝ տնտեսական ներուժ պարունակող) և այլ էական նշանակություն ունեցող հանգամանքների (օրինակ՝ արդյունավետ բյուջետավարումը) շուրջ խոշորացումը: Օրինակ, Զառիթափի ծրագրային փնջի համար հիմք են հանդիսացել Ամուլսարի ընդերքօգտագործման ռեսուրսային հնարավորությունները, Վայքի և Գորիսի համար՝ արդյունավետ բյուջետավարումը:

Մինչ ծրագրի ամբողջական իրականացումը, որոշվել է 2015 թվականին իրականացնել թվով 3 պիլոտային ծրագիր՝ ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում: Առաջարկվող նախատեսվում է Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքները միավորելու նպատակով 2015 թվականի մայիսի 17-ին նշանակել տեղական հանրաքվե՝ հանրաքվերի դնելով հետևյալ հարցը՝ «Համաձայ՞ն եք, որպեսզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքները միավորվեն՝ Դիլիջան համայնք անվանմամբ, Դիլիջան համայնքի կենտրոնով»: Նույն օրը տեղական հանրաքվեներ կանցկացվեն նաև Սյունիքի և Լոռու մի քանի համայնքներում: Սյունիքի մարզում առաջարվում է միավորել Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները՝ Տաթև համայնք անվանմամբ ու Շինուհայր համայնքի կենտրոնով, իսկ Լոռիում՝ Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները՝ Թումանյան համայնք անվանմամբ, Թումանյան համայնքի կենտրոնով:

Հայաստանը չի մասնակցի «Միլան Էքսպո-2015» համաշխարհային ցուցահանդեսին

Հայաստանը չի մասնակցի «Միլան Էքսպո-2015» համաշխարհային ցուցահանդեսին, որն անցկացվելու է «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար» խորագրով: Նախագիծն ընդգրկվածէ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Հիմնավորման համաձայն, 2015 թվականին կհիշատակվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ նախատեսված է մի շարք բացառիկ միջոցառումների կազմակերպում, որոնց շրջանակներում ակնկալվում է արտասահմանյան հյուրերի մեծ հոսք: Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հիմնական տնտեսական իրադարձություններից կլինի ս.թ. ապրիլի 26-28-ը նախատեսվող «Made in Armenia» խորագրով համաժողովը և հայկական արտադրության ապրանքների խոշոր ցուցահանդեսի անցկացումը, որը նույնպես կպահանջի լուրջ մարդկային և ֆինանսական ներդրումներ: Բացի այդ, Միլանում մ կայանալիք «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար» խորագրով «Միլան Էքսպո-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար պահանջվում է 1237.1 մլն դրամ, որից ցուցահանդեսի հրատապ կազմակերպչական աշխատանքները կազմակերպելու համար 2015 թվականի առաջին եռամսյակում հարկավոր կլինի ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 597.4 մլն դրամ: Միաժամանակ, տաղավարի վարձակալման գումարը իտալական կողմից սկզբնականի համեմատ զգալիորեն՝ մոտ երկու անգամ ավելացել է ժամանակի ընթացքում: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև վերոնշյալները` մասնակցությունը ցուցահանդեսին դառնում է ոչ արդյունավետ, իսկ Հայաստանի Հանրապետության մասնակցության պայմանագրի ստորագրումը և դրանից բխող պարտավորությունների կատարումը սեղմ ժամկետներում` անիրատեսական:

Կարևորվում է բանկային ավանդների հատուցման չափերի բարձրացումը

Կառավարությունը կարևորում է բանկային ավանդների հատուցման չափերի բարձրացումը, քանի որ այն կնպաստի բանկային համակարգի հանդեպ ավանդատուների վստահության ամրապնդմանը: Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ ու կառավարությանն առաջարկել փոփոխություն կատարել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում: Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում, որի արդյունքում կկրկնապատկվեն օրենքով սահմանված և ներկայումս գործող՝ երաշխավորված բանկային ավանդի հատուցման չափերը (4.000.000 դրամ միայն դրամային ավանդ ունենալու դեպքում և 2.000.000 դրամ միայն արտարժութային ավանդ ունենալու դեպքում): Բացի այդ, առաջարկվում է հատուցում նախատեսել նաև արտարժութային ավանդի մասով այն դեպքում, երբ ավանդատուն բանկում ունի և´ դրամային, և´ արտարժութային ավանդ, իսկ դրամային ավանդի գումարը 4.000.000 դրամից ավելի է` ութ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:Կառավարությունը կողմ է առաջարկին, սակայն գտնում է, որ բանկային ավանդների հատուցման փոփոխվող չափերը լրացուցիչ քննարկման կարիք ունեն: Օրեսնդրական նախաձեռնությանն այսօր առավարությունում հավանություն կտրվի, իսկ նախագիծն ԱԺ-ում քննարկելիս հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:


Հարկ վճարողների կողմից շրջանառության իրական ծավալների թաքցնելու երևույթը կկանխվի

Հարկ վճարողների կողմից շրջանառության իրական ծավալների թաքցնելու երևույթը կանխելու նպատակով, կառավարությունն այսօր փոփոխություններ կկատարի նախկին որոշումներից մեկում և կորոշի, որ այսուհետ դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների արտահանման դեպքում հարկ վճարողի կողմից ներկայացվող մաքսային հայտարարագրում կնշվեն դրոշմապիտակների քանակը, սերիաները, հերթական համարները: Միաժամանակ մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից ապրանքների մաքսային զննման ժամանակ կստուգվեն դրանց վրա դրոշմապիտակների առկայությունը:

Back to top button