

Ադրբեջանական կողմն ընդառաջ չի գնում կառուցողական երկխոսության հաստատմանն ուղղված քայլերին՝ Եվրանեսթ Խոհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացմանն այսօր հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ եվրոպացի գործիչներին կոչ անելով գնահատական տալ Ադրբեջանի կեցվածքին: «Չենք ցանկանում այս ամբիոնը վերածել քարոզչության հարթակի, ինչպես դա տեղի ունեցավ Ադրբեջանում, այլ փորձում ենք վեհաժողովի ընձեռած հնարավորությունները ծառայեցնել մեր ժողովուրդների խաղաղ գործին»,- հայտարարել է հանրապետության նախագահը:
Նա ելույթում անդրադարձել է նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, թեման շաշափվել է նաև եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում։
Ըստ հանրապետության նախագահի՝ շաբաթը Հայաստանի համար իրավամբ եվրոպական է. Երևանում անցկացվում է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հերթական ՝ չորրորդ լիագումար նիստը, դրանից հետո նախատեսվում է Սերժ Սարգսայանի այցը Բրյուսել՝ մասնակացելու ԵԺԿ գագաթնաժողովին, առաջիկա օրերին Երևանում սպասվում է նաև ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը: Սա նշանակում է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, ասաց նախագահը և կրկնեց այն մոտեցումը, որ Հայաստանը համատեղելի է համարում ԵՏՄ անդամակցությունն ու ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը, թվարկեց ոլորտները, որտեղ տեսնումէ համագործակցության անհրաժեշտությունը:
«Հայաստանը հանձնառու է զարգացնել համագործակցությունը Եվրամիության հետ՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար գործարար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության և գործընկերության շարունակական իրականացմանը և ոլորտային համագործակցության ընդլայնմանը»:
Ս.Սարգսյանը նշեց, որ այս տարի ամբողջ հայությունը ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը եվրոպական կառույցներից առաջինն էր, որ բանաձևով դատապարտեց հայերի հանդեպ ոճրագործությունը:
Անդրադառնալով ԼՂ կարգավորոման գործընթացին՝ Ս.Սարգսյանը նկատեց, հայկական կողմը չի պատրաստվում Եվարնեսթի ամբիոնը վերածել քարոզչության հարթակի, ինչպես եղավ Ադրբեջանում: Որպես ապացույց նշեց հայկական պատվիրակության մասնակցութունը Բաքվում տեղի ունեցած նիտսին և ցավ հայտնեց, որ Ադրբեջանի պատվիրակները չեն եկել Երևան: Բաքուն ապակառուցողական դիրքորոշում է դրսևորում՝ հետ կանգնելով ձեռք բերված պայմանավորվածություններից ՝ հայտարարեց նախագահը , եվրոպացի պատվիրակների ուշադրություննը հրավիրելով ադրբեջանական կողմի կեցվածքի վրա:
«Խնդրի լուծման բանալին գտնվում է ոչ թե Փարիզում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում, այլ՝ Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում: Մինչդեռ Ադրբեջանը մտացածին պատրվակներ է գտնում համանախագահողների առաջարկած սկզբունքների հիման վրա կարգավորումից խուսափելու նպատակով:Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հանրության, եվրոպական կառույցների աներկբա գնահատականը այդ երկրի նման գործելակերպին»։
Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին նկատեց, որպես լեհ հպարտ է, որ լեհական խորհրդարանն արդեն ճանաչել և դատապարտել է Ցեղասպանությունը: Նա նշեց, որ Լեհաստանն ընդունելու է նոր բանաձև, որ կքննարկվի ապրիլի 24-ին: Իսկ արդեն Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի անունից փոխանցեց՝ ԱԼԳ երկրների հետ հետագա համգործակցությունը Եվրոպան մտադիր է շարունակել արդեն ծանոթ ՝ «Ավելին ավելիի դիմաց, նվազ նվազի դիմաց» սկզբունքով, բայց անհատական ձևաչափերով:
Ըստ նրա՝ 3 երկրների հետ ստորագրվել են Ասոցացման համաձայնագրեր, մյուս երկրները որոշել են իրենց հարաբերությունները ԵՄ հետ զարգացնել այլ ֆորմատով: Նա հարցադրում արեց, թե որքանո՞վ է անհրաժեշտ շարունակել բարեփոխումները, եթե ԵՄ անդամակցության հեռանկար չկա և պատասխանեց իր իսկ հարցին՝ Եվրոպան պատրաստակամ է շարունակել, Հայաստանն էլ վստահեցում է, որ ցանկանում է շարունակել: Ուրախ եմ, որ պատրաստակամություն կա ԵՄ-ի նոր փաստաթուղթ ստորագել, ասաց Եվրախորհրդարանի փոխնախագահը:
Այսօր և վաղը Երևանում Եվրանեսթի պատվիրակները լիագումար նիստի ընթացքում կքննարկեն 4 մշտական հանձնաժողովների թեմատիկ զեկույցները: Սպասվում է, որ Եվրանեսթը Երևանում նաև 2 բանաձև կընդունի՝ Ուկրինայի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ակնկալվում է նաև հայտարարության ընդունում՝ ԱլԳ Ռիգայի գագաթնաժողովից առաջ:




