ԿարևորՀասարակություն

Ավետիսյաններն սպանվել են Պերմյակովին կցված զենքով. դատաձգաբանական փորձաքննության արդյունքները

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել է նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը։

Հաշվի առնելով նշված գործի նկատմամբ ձևավորված հասարակական պահանջը՝ տեղեկացնում ենք, որ փորձագետների գնահատմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որը ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին և հայտնաբերվել դեպքի վայրում։

Այսպես` փորձագետների եզրակացության համաձայն՝  փորձաքննության ներկայացված ինքնաձիգը 1981թ. գործարանային  արտադրության 5,45մմ տրամաչափի «АКС-74» տեսակի ինքնաձիգ է, մարտական ակոսափող հրազեն, սարքին, պիտանի 5,45մմ (5,45×39) տրամաչափի մարտական փամփուշտներով մենահատ և կրակահերթի ռեժիմներով կրակելու համար։ Ներկայացված փամփուշտները գործարանային արտադրության 5,45մմ (5,45 x 39) տրամաչափի մարտական փամփուշտներ են՝ պիտանի կրակոցների համար և հանդիսանում են ռազմամթերք։

Փորձագետներն արձանագրել են, որ փորձաքննության ներկայացված պարկուճները գործարանային արտադրության 5,45մմ (5,45 x 39) տրամաչափի մարտական փամփուշտների մասեր են՝ կրակված պարկուճներ են, որոնք կրակվել են նշված «АКС-74» տեսակի ինքնաձիգից։ Փորձաքննության ներկայացված գնդակները ևս, ըստ փորձագետների, կրակվել են նույն «АКС-74» տեսակի ինքնաձիգի փողից։

Նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի մասին կշարունակվի տեղեկության պարբերաբար տրամադրումը։

Back to top button