ԿարևորՔաղաքական

Կիսանախագահականից անցումը խորհրդարանականին միտված է ապագային, ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը

lusinevasilyan

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում  հանրապետության նախագահը քննարկումների շարք է սկսել քաղաքական ուժերի հետ: Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել 6 կուսակացության ներկայացուցիչների հետ, օրվա ավարտին քննարկումները շարունակվել են Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ընդլայնված նիստում,  այսօր նախագահը հանդիպել է  սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ, առաջիկայում  քննարկումներ են նախատեսվում նաև հանրային հատվածի հետ: Նպատակը  սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ շահագրգիռ բոլոր կողմերի տեսակետներն ու առաջարկները  լսելն է: 

Հանրապետության նախագահի նախաձեռնած քաղաքական քննարկումների շարքը ազդարարում է սահմանադրական բարեփոխումների գործընթացի նոր՝ ավելի ակտիվ ու գործնական  փուլի մեկնարկը: «Շարունակում եմ մնալ այն կայուն կարծիքին, որ մեր երկրի համար սահմանադրական բարեփոխումներն իսկապես կարևոր են և, որ դրանք կարող են իրականացվել միայն լայն քաղաքական կոնսոլիդացիայի պայմաններում»,- այսօր մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսայնը: Նախագահը խոսել է իր որոշ մտահոգությունների մասին, բայց նաև նշել, որ դրանցով հանդերձ պատրաստվում է քաղաքական հավանություն տալ հայեցակարգին:

Թե  քաղաքական ուժերի որ մասն է պատրաստ տալ այդ հավանությունը, առայժմ հստակ  չէ:  ՀՅԴ-ն ոչ իշխանական ուժերից միակն էր, որ  պաշտպանում էր սահմանադրական բարեփոխումների գաղափարը, ու այս դիրքորոշումը քառյակը լքելու պատճառ դարձավ:  ՀՅԴ-ն այսօր էլ պաշտպանում է, բայց շատ ավելի լիարժեք,    քանի  որ,  ինչպես խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն է ասում,  իրենց բոլոր առաջարկներնի մասով լիարժեք  ընկալում կա:

«Նախագահի հետ հանդիպումների ժամանակ մեր առաջարկների լիարժեք ընկալում է եղել: Այդ փոխադարձ ընկալումը թույլ է տալիս եզրակացնել, որ մեր առաջարկները իշխանությունների համար ընդունելի են։ Ավելին՝ կարող եմ ասել, որ չկա որևէ առաջարկություն, որն իրացման ենթակա չէ: Այլ բան, որ որոշների դեպքում կա փուլային լուծումների ժամկետների, ճանապարհային քարտեզի խնդիր»:

Արծվիկ Մինասյանը ողջունում է քաղաքական կոնսուլտացիաների մեկնարկը : Չի բացառում , որ  դրանց արդյունքում քաղաքական ուժերը դիրքորոշումներ փոխեն, թեև հստակություն  առայժմ տեսնում է «Ժառանգության» կեցվածքում:

«Հստակություն ես առայժմ չեմ տեսնում, բացառությամբ «Ժառանգության»՝ մյուս երկուսի մոտ ես դեռ հստակ պատասխան չեմ լսել, որ պատարաստ են բովանդակային քննարկման մեջ մտնել: Եթե լինի, ողջունելի է»:

Քաղաքական   այն ուժերը , որոնք  մինչ այժմ մերժել են սահմանադրական բարեփոխումների առաջարկը,  բայց երեկ հանդիպել են հանրապետության նախագահի հետ, չեն շտապում բացահայտել իրենց դիրքորոշումները:  Խոսքը , մասնավորապես, ԲՀԿ-ի , «Ժառանգության » և ՕԵԿ-ի մասին է:

ԲՀԿ-ն հանդիպումից հետո սահմանափակվեց մեկ նախադասությամբ՝ հանդիպման  ժամանակ կուսակցության ներկայացուցիչները վերահաստատել են իրենց նախկին  դիրքորոշումը, քննարկումները դեռ շարունակվում են: ՕԵԿ-ը մեկնաբանություն գրեթե չարեց, «Ժառանգությունը»   ավելի շատ պարզաբանեց  հանդիպման հրավերն  ընդունելու փաստը:

«Ռադիոլուրի» հետ զրույցում  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հղում արեց իր ֆեյսբուքայն գրառմանը և հորդորեց սահմանափակվել դրանում նշված դիտարկումներով, իսկ գրառման մեջ Ռուբեն Հակոբյանը նշել է, որ հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, դրա մասին տեղյակ է եղել  կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համաձայնել է մեծամասնության կարծիքին:

Բովանդակային առումով «Ժառանգությունը» նշում է, որ կուսակցության դիրքորոշումը կախված է ավելի վաղ արված իրենց 3 առաջարկների ընդունումից:

Սահմանադրական բարեփոխումներին նախկինում էլ , հիմա էլ աներկբա դեմ է Հայ ազգային կոնգրեսը: Այն, ի դեպ, խորհրդարանական միակ ուժն է, որ նախահգահի հետ հանդիպման հրավեր չի ստացել: Թե ինչու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսես է բացատրում: «ՀԱԿ-ը միշտ հայտարարել է, որ նման կործանարար իշխանությունների հետ որևէ բանակցության  չի գնա, դրա մեջ իմաստ չի  տեսոնւմ: Նման մերժողական կեցվածքի դեպքում, հրավերը աննպատակահարմար էր: Եթե իրենք ցանկություն հայտնեն հանդիպելու, հանրապետության նախագահը միշտ պատրաստ է»:

Հիշեցմանը, թե բովանդակային ցանկացած քննարկում մինչ այժմ աննպատակահարմար էր համարում նաև ԲՀԿ-ն։ Վահրամ Բաղդասրայանն այսպես արձագանքեց. «Այդ հայտարարություններից հետո նրանք համաձայնություն են հայտնել, որ պատրաստ են բանակցությունների»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրայնը չի բացաոռւմ, որ քաղաքական քննարկումների արդյունքում քաղաքական այն ուժերը, որոնք մինչ այժմ մերժել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, փոխեն իրենց դիրքորոշումը: Ասում է՝ սկսված քննարկումները նաև այդ նպատակն ունեն: Իսկ արդյո՞ք հենց Հանրապետական կուսակցությունում վերջնական ու միանշանակ դիրքորոշում կա ներկայացված հայեցակարգի, մասնավորապես կառավարման խորհրդարանական մոդելի վերաբերյալ:

«Ոչ միայն խմբակցությունում, այլ նաև կուսակցությունում լուրջ քննարկումներ են եղել, և դրանք հարթ չեն ընթացել: Արդյունքում՝ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, որ  այո, կիսանախագահականից անցումը խորհրդարանականին միտված է  ապագային»։

«Ռադիոլուրի» դիտարկմանը, թե մի քանի տարի առաջ ՀՀԿ- ն կտրուկ դեմ էր դրան, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Ժամանակի ընթացքում իրավիճակներ և պայհանջներ են փոխվում: Դրա կողքին էլ պետք է նշեք, որ այսօր դեմ հանդես եկող ուժերը ժամանակին խորհրդարանականին կողմ էին»:

Վահրամ Բաղդասրայնը հավանական է համարում, որ հայեցակարգի նախագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացվի արդեն աշնանը: Նա, ի դեպ, չի բացառում, որ քննարկման սեղանին միանգամից երկու նախագիծ դրվի՝ այլընտրանքային լուծումներով:

Back to top button