
«Բելառուսը պատրաստ է հանդես գալ որպես հարթակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,- այսօր հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ։
«Կցանկանայի հաստատել մեր պատրաստակամությունը ընդունել ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունները այն ժամկետներում, որոնք նախատեսված են ԵԱՀԿ որոշումներով: Եթե կա անհրաժեշտություն, պատրաստ ենք նաև ապահովել խաղաղության սպառիչ համաձայնագրի կնքման նպատակով բանակցային գործընթացի եզրափակիչ փուլի անցկացման վայրը»,- Մակեյի խոսքերն է մեջբերում Բելառուսի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Ղարաղաբյան հարցով նախօրեին Մինսկում կայացած հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ «Մինսկում անցկացրած հանդիպումը շատ արդյունավետ էր: Անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի մյուս անդամների հետ աշխատանքին»,- «Թվիթերում» այսօր գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։




