
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»
Վրաստանի հայ կաթոլիկները փորձում են վերականգնել իրենց նախկին կորցրած դիրքերը: Իհարկե՝ Վրաստանում Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու գրանցումը հեշտացնում է նաև Հայ Կաթողիկե եկեղեցու գործունեությունը, սակայն խնդիրները տարիներ շարունակ նույն են` սոցիալ-տնտեսական դժվարություններ, արտագաղթ և այլն…
Հռոմեական կաթոլիկ եկեղեցու մաս կազմող Վրաստանի, Հայաստանի ու Արևելյան Եվրոպայի թեմը (առաջնորդարանը` Գյումրիում) կազմավորվել է 1991-ին` Հռոմի պապի վճռով:
22-ամյա Միքայել Հովհաննիսյանը Ախալքալաքի հայ կաթոլիկներով բնակեցված Տուրցխ գյուղից է: Մանկուց ծնողների հետ հաճախել է տեղի միակ կաթոլիկ եկեղեցին, իսկ 14-տարեկանից սկսել օգնել հոգևորականներին:
Այժմ նա սովորում է Թբիլիսիում և շարունակում, ինչպես ինքն է ասում, «սարկավագություն անել» մայրաքաղաքի Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցում (սուրբ Պողոս-Պետրոս մայր տաճար), որտեղ հայ, ինչպես և այլազգի կաթոլիկները հնարավորություն ունեն իրենց ծիսակատարություններն անցկացնել:
«Ես կաթոլիկ եմ, բայց շատ հաճախ այցելում եմ նաև Հայ Առաքելական եկեղեցի: Մենք Քրիստոսի ծնունդը նշում ենք դեկտեմբերի 25-ին, իսկ Առաքելական եկեղեցին` հունվարի 6-ին: Սա է երկու եկեղեցիների միջև եղած հիմնական տարբերություններից մեկը»,- ասում է զրուկացիցս:
Հայ կաթոլիկ առաջին համայնքները Վրաստանում ձևավորվել են Ախալցխայում` 17-րդ դարում: Այնուհետև ռուս-թուրքական պատերազմի արդյունքում, երբ կնքվեց Ադրիանապոլսի պայմանգիրը (1829թ.), առաքելական հայերի հետ միասին Էրզրումից, Ալաշկերտից, Մուշից ու Արդահանից բազմաթիվ հայ կաթոլիկներ են տեղփոխվում ու հաստատվում Սամցխե- Ջավախքում:
Ցարական ժամանակաշրջանում այստեղ հաշվվում էր մոտ քսան հայ կաթոլիկ գյուղ: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հայագիտության բաժնի ղեկավար Արիստակես Սիմավորյանը, ում արմատները նույնպես սերում են Վրաստանի հայ կաթոլիկ գյուղից (Ախալքալաքի Ալաստան), բազմաթիվ հետազոտություններ ունի Վրաստանի հայ կաթոլիկների մասին։
«Վրաստանի անկախացումից հետո սկսված արտագաղթը բավականին նվազեցրել է համայնքի թվաքանակը: Եղած հաշվարկները չափազանց հակասական են, բայց կարծում եմ, որ Վրաստանի հայ կաթոլիկների թիվն այսօր հասնում է մոտ 20 հազարի (15-16 հազարը Սամցխե-Ջավախքում, իսկ մնացածը տարբեր քաղաքներում` Թբիլիսիիում, Փոթիիում, Գորիիում, Օզուրգեթիում և այլն)»։
Թբիլիսիի հայ կաթոլիկ համայնքը, ըստ կաթողիկե եկեղեցու փորձագետի, նոր վերակազմավորվող համայնք է և փորձում է հաստատել նախկին կորցրած դիրքը։
«Մենք մեր եկեղեցին չունենք. դա է մեր խնդիրն այսօր: (1930-ականներին Թբիլիսիի Հայ Կաթողիկե եկղեցին քանդվել է Բերիայի հրամանով): Մեր աղոթքը նույնն է. տարբերություն չկա»,- ասում են Թբիլիսիի հայ կաթոլիկները։
Թբիլիսահայ Մհերը պատմում է, որ 80-ականներին՝ 17 տարեկան հասակում, երկար փնտրտունքներից հետո սկսեց հաճախել Կաթողիկե եկեղեցի: Ասում է, որ մինչ այդ ծնողների հետ Հայ Առաքելական եկեղեցի է մշտապես հաճախել (մկտրություն ստացել), իսկ պապը Ջավախքի Հայ Առաքելական եկեղեցու հոգևորական էր։
«Սա չի նշանակում դավաճանություն։ Ընդհակառակը՝ դրանից հետո ավելի շատ հետքրքրվեցի ու սիրեցի իմ մշակույթը. Փավստոս Բուզանդ ու Ագաթնագեղոս այդ ժամանակ ընթերցեցի: Ես Հայ Կաթողիկե, իսկ կինս Հայ Առաքելական եկեղեցի է հաճախում: Իսկ երեխաներս թող հետագայում որոշում կայացնեն: Հիմա, առավել քան երբևէ, երբ ողջ աշխարհում կրոնական հողի վրա ընդհարումներ են լինում, կարևոր է, որ քրիստոնեական աշխարհը միանա»։
Հայ Կաթողիկե եկեղեցու խնդիրները գրեթե չեն տարբերվում հայ առաքելականից: Իսկ քանի որ հայ կաթոլիկների մեծամասնությունը ապրում է Սամցխե-Ջավախքում, ապա տեղի սոցիալ- տնտեսական դժվարություններից անմասն չեն նաև նրանք։
Արեստակես Սիմավորյանի խոսքով՝ վերջին տարիներին Վրաստանի հայ կաթողիկե եկեղեցու մի խնդիր լուծվել է. 2011թ հինգ կրոնական միավորումների թվում իրավաբանական անձի կարգավիճակ է ստացել Հռոմի Կաթոլիկ եկեղեցին, ինչը հեշտացրել է նաև Հայ Կաթողիկե եկեղեցու գործունեությունը: Սակայն այսօր կա հոգևորականների պակաս: Այս խնդրին բախվում է նաև Հայ Առաքելական եկեղեցին. երեք- չորս հոգևորական մի քանի գյուղ է սպասարկում, երբեմն էլ ազգությամբ ոչ հայեր։




