ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ քվեարկությամբ որոշում է կայացվել մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին խաղերին:
Վեց մարզաձեւում՝ սամբո, հրաձգություն, ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ, թաեքվանդո, մարզիկներն իրենց ուժերն են չափելու մրցակիցների հետ:
Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում բարձր մակարդակով իրականացնել կազմակերպական աշխատանքները՝ խաղերին հայ մարզիկների մասնակցությունը լավագույնս ապահովելու համար։
ԵՕԿ- ը ողջունում է Հայաստանի մասնակցությունը «Բաքու 2015»- ին
Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն ողջունել է Երեւանի այս որոշումը։ «Սա լավ լուր է եվրոպական խաղերի եւ հայկական սպորտի համար, ցանկանում եմ շնորհավորել Ազգային (Հայաստանի, խմբ,) օլիմպիական կոմիտեին այս որոշման համար։ Ի սկզբանե ես վստահ էի, որ նման արդյունք կլինի, քանի որ Հայաստանը կրքոտ մարզական երկիր է եւ եվրոպական օլիմպիական ընտանիքի կարեւոր անդամ։ «Բաքու 2015- ին» նրանց մարզիկների ներկայությունը անշուշտ կնպաստի առաջին եվրոպական խաղերի հաջողությանը»,- ասել է Հիկեն։
ՄԽ համանախագահը ողջունում է ՀԱՕԿ որոշումը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը եւս ողջունել է Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցության որոշումը: «Լավ նորություն է, հայ մարզիկները մրցելու են Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերում: Հուսով եմ՝ Ադրբեջանը կողջունի որոշումը»,- Թվիթերում հերթական գրառումն է արել Ուորլիքը: