
Երեկ Նյու Յորքում մեկնարկել է «100 կյանք» (100 LIVES) գլոբալ մարդասիրական նախաձեռնությունը: Այն կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերով բազմաթիվ հայերի են փրկել Հայոց ցեղասպանությունից: «100 կյանք»-ի համահիմնադիրներն են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:
Be Armenian, Be Alive կարգախոսով նախաձեռնությունը կոչված է արտահայտելու երախտագիտություն, կիսելու փրկության հիշարժան պատմություններ և ոգեկոչելու մարդկային կամքի ուժը։ Գործարկվել է կայք՝ www.100lives.com, որտեղ կարելի է հետևել հետաքրքիր պատմությունների։
«Պատիվ ունեմ միանալու 100 LIVES նախաձեռնությանը, քանի որ նրա և իմ Not On Our Watch հիմնադրամի նպատակներն ընդհանուր են. երկուսն էլ ձգտում են աշխարհի ուշադրությունը հրավիրել ցեղասպանության թողած ազդեցության վրա և փորձում են միջոցներ հատկացնել աշխարհով մեկ զանգվածային ոճրագործությունները դադարեցնելու համար: Բոլորս պետք է մտահոգվենք, որ աշխարհում մինչ օրս ցեղասպանություններ են տեղի ունենում։ Մենք, իբրև անհատներ, խմբեր և կառավարություններ, պետք է անհապաղ լուծենք այս խնդիրը»,- միջոցառմանն ասել է Ջորջ Քլունին:






