Հասարակություն

Հրապարակվել է Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի գործով վերաքննիչ դատարանի դատավճիռը

Այսօր՝ ԼՂՀ Վերաքննիչ դատարանում հրապարակվել է անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած, ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի գործով վերաքննիչ դատարանի դատավճիռը, փոխանցում է Artsakhpress-ը:

Դատավճռի հրապարակման շրջանակներում, նախ ներկայացվել են գործին առընչվող կենսագրական տեղեկություններ՝ Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի մասին, այնուհետև ընթերցվել են այն հոդվածները, որոնց համաձայն, մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալներին։ ԼՂՀ վերաքննիչ դատարանը, վերանայելով ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որոշում է ընդունել՝ ամբաստանյալ Շահբազ Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանի և Դիլհամ Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանի վերաքննիչ բողոքները մերժել։

Վերաքննիչ դատարանը վճռեց նաև օրինական ուժի մեջ թողնել Շ. Գուլիևի և Դ. Ասկերովի քրեական գործով ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճիռը։

Հիշեցնենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման՝ ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, ԼՂՀ պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու համար, իսկ Դիլհամ Ասկերովին՝ նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

Back to top button