Քաղաքական

Հայոց ցեղասպանության թեման՝ Հաագայի Գլոբալ արդարադատության ինստիտուտում

Մարտի 6-ից 7-ը Հաագայի Գլոբալ արդարադատության ինստիտուտում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության ժառանգությունը 100 տարի անց» խորագրով խորհրդաժողովը, որը կազմակերպվել էր Նիդերլանդների «ՆԻՈԴ» պատերազմի, Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտի, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի և «Հարյուրամյակի նախագիծ» հիմնադրամի կողմից, հայտնում են ԱԳՆ- ից։

Խորհրդաժողովը մեկնարկեց մարտի 5-ին Հաագայի «Մարդկության տուն» թանգարանում կայացած քննարկումով, որի ժամանակ ցուցադրվեց «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը: Հիմնական ելույթով հանդես եկավ դոկտոր Ռոնալդ Սյունին, իսկ իր դիտարկումներով` դոկտոր Ուգյուր Ումուտ Ունգյորը:

Մարտի 6-7-ի խորհրդաժողովի ընթացքում ելույթ ունեցան հայտնի գիտնականներ ու ուսումնասիրողներ, ովքեր տարբեր դիտակետերից քննարկեցին Հայոց ցեղասպանության հետևանքներն ու այն դասերը, որոնք պետք է քաղել ցեղասպանությունների կանխարգելման նպատակով:

Իրավունքի և քաղաքականության հարցերին անդրադարձավ բանախոս, հայտնի իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, միջազգային դատարանների կողմից ցեղասպանությունների հարցի հետ կապված հարցերը ներկայացրեց Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ասոցացված դեկան Սյուզն Կարամանյանը, Ճանաչման ու փոխհատուցումների ուսումնասիրությամբ հանդես եկան Նոլվեն Գիբերտն ու Սուն Կիմը` Հարավսլավիայի միջազգային տրիբունալից, Հայոց ցեղասպանության ընթացքում հայ կանանց հանդեպ սեռական բռնությունների անպատժելիության ու դրա հետևանքների հարցերը դիտարկեց Նայվա Նաբթին` Արիզոնայի համալսարանից, դատական համակարգերի ձախողման հարցերը քննարկեց Հարավսլավիայի միջազգային տրիբունալի իրավաբան, «Հարյուրամյակի նախագիծ» հիմնադրամի նախագահ Ալեքսիս Դեմիրճյանը:

Հայոց ցեղասպանության մշակութային դրսևորումներին, թուրքական մամուլում և թուրք հասարակության շրջանում Հայոց ցեղասպանության արծարծման պատմությանն ու ներկա վիճակին, քաղաքական ու հանրային շրջանակներում իրական պատկերին ու միտումներին անդրադարձան Ամստերդամի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Էնթընի Հոլսլախը, «Ակոս» օրաթերթի խմբագիր Ֆերդա Բալանսարը, Ստամբուլի Բիլգի համալսարանից Էսրա Էլմասը և Այդա Էրբալը` Նյու Յորքի համալսարանից: Ֆիլմարտադրության մեջ Հայոց ցեղասպանության արտացոլումները քննարկեցին Հարավային մեթոդիստների համալսարանից դոկտոր Լիզա Սիրագանյանը և դոկտոր Մարի-Օդ Բարոնյանը` Ամստերդամի համալսարանից:

Մարտի 7-ին դիտավորությունների և ժխտման խնդիրների քննարկումով հանդես եկան Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Հանիբալ Թրեվիսը, Մասաչուսետսի Լոուվելի համալսարանի պրոֆեսոր Լևոն Չորբաջյանը և Դոկտոր Սեյհան Բայրակտարը` Ցյուրիխի համալսարանից: Հայոց ցեղասպանության դերը 20-րդ դարի ռազմականացման հարցում քննարկեց դոկտոր Ուգյուր Ումուտ Ունգյորը` Ուտրեխտի համալսարանից: Հայոց ցեղասպանության համատեքստում ժողովրդագրական ու վիճակագրական ուսումնասիրությունների խնդիրներին անդրադարձավ դոկտոր Յակուբ Բիյակը` Հարավսլավիայի միջազգային տրիբունալից: Ցեղասպանության ուսուցման մեթոդոլոգիան ներկայացրեց Ջոյս Սահյունին` Քվեբեկի «Դյուրոքեր» քոլեջից, իսկ հայ գրականության մեջ արծարծումները քննարկեց դոկտոր Բարլո Տեր-Մկրտիչյանը` Ֆրեզնոյի պետական համալսարանից: Մշակութային ժառանգության ու ժխտողականության հարցերը դիտարկեցին դոկտոր Նանոր Կեբրանյանը` Կոլումբիայի համալսարանից և դոկտոր Յուջին Սենսենիգ-Դաբուսը` Նոտր Դամի համալսարանից:

Back to top button