Քաղաքական

Քրեա- քաղաքակա՞ն, թե՞ կենցաղային հանցագործություններ. բանավիճում են նախկին ու ներկա պաշտոնյաները

lenabadeyan

Այսօր ստացվել է այնպես, որ ապահով հռչակված Հայաստանում ամեն օր արյուն է թափվում եւ առավել սարսափելին այն է, որ դա արդեն սովորական է դարձել թե քաղաքացիներին, թե լրագրողների համար, այսօր հայտարարել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Կենցաղային հողի վրա վերջին հանցագորոծությունները պետք չէ կապել քաղաքականության հետ, իր հերթին հորդորել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունից Մկրտիչ Մինասյանը: Այս համատեքստում նա անդրադարձել է նաեւ հարցին, թե ինչու էին  Գուրգեն Արսենյանը, Գագիկ Բեգլարյանը մասնակցում այդ հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկի՝ Երրորդմասցի Լյովիկի թաղմանը:

Երեք օրում 3 դիակ, 6 վիրավոր եւ ծանր օպերատիվ իրադրություն. սա քրեական աշխարհի ակտիվացման այս տարվա ամբողջական վիճակագրությունը չէ, ասում է Ազգային անվտանգության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։ Նա իրավիճակն անընդունելի է համարում:

Գյումրիի քրեական իրավիճակը խիստ անհանգստացնում է նախկին պաշտոնյային՝ նաեւ   Հիմնադիր խորհրդարանի անդամներին եւ Ժիրայր Սեֆիլյանին քաղաք մուտք գործելու արգելանքի առումով: Այս իրավիճակում, ըստ Գուրգեն Եղիազարյանի, պաշտոնանկություններ են անհրաժեշտ:

Կենցաղային հողի վրա կրակոցներն ու սպանությունները քաղաքականացնել պետք չէ, ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցությունից Մկրտիչ Մինասյանը: Ունի նաեւ բացատրություն, թե ինչու էին Գուրգեն Արսենյանն ու Գագիկ Բեգլարյանը մասնակցում հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի թաղմանը: «Եթե մարդիկ ծանոթ են, թաղի մարդիկ են, ճանաչում են իրար, հորն ու մորի են ճանաչում, ուրեմն կապված են քրեական աշխարհի հե՞տ։ Թաղումը ի՞նչ է՝ քաղաքակա՞ն է, քրեակա՞ն է, կենցաղային է»։

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի ներկայացմամբ՝ այսօր նույնիսկ փոխվել է հանցագործությունների որակը: Չի մասնավորեցնում, թե ինչ մեսիջ էր իր մեջ պարունակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած հրաձգությունը, բայց մտահոգիչ է համարում եւ նախապես ծրագրավորված, որ մարդասպանն այդ ամենը արել է արդարադատության նախարարությանը պատկանող շենքի ուղիղ դիմաց:

Չնայած հանրապետական պատգամավորի հորդորին՝ նախկին պաշտոնյան, ամեն դեպքում, համոզված է, որ քաղաքականությունն ու քրեական աշխարհն այսօր աստիճանաբար սերտաճում են: Մի կասկածելի գործն էլ է հիշեցնում, թե ինչպես, իր իսկ բնութագրմամբ,  բարով խերով ավարտեցին մեկ տոննա հերոինի պատմությունը: Ոչ ոքին չզարմացրեց, որ դա կազմում էր մեկ միլիարդ դոլար, թե ինչպես կարող էին մի ընչազուրկ վարորդի վստահել այսպիսի արժողությամբ ապրանքը:

Իսկ առավել զարմանալի է, ասում է, որ թմրանյութի քանակն աստիճանաբար պակասեց՝ հատնաբերելու պահին 1 տոննա էր, մինչեւ հասավ դատարան՝ դարձավ 860 կիլոգրամ:

Back to top button