

ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի ծննդան 56-ամյակի եւ պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը նվիրված հանդիսավոր միջոցառում է այսօր անցկացվել Ծիծեռնակաբերդում:
Օրը խորհրդանշական է՝ արձանագրեց զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Հայր Մովսեսը՝ փոխանցելով Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնանքն ու շնորհավորանքը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա եւ պատանի ու երիտասարդ երկրապահների երդման արարողության կապակցությամբ:
«Սպարապետի կողմից է հիմնադրվել ԵԿՄ-ն, որի հավերժ նախագահն է նա: Եվ պատահական չէ, որ սպարապետի ծննդյան օրն է նշվում պատանի երկրապահների երդման արարողությունը, որովհետեւ երկրապահի գաղափարախոսության հիմքում ընկած են Վազգեն Սարգսյանի գաղափարները»:
Շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ՝ նոր երդում ընդունող պատանի եւ երիտասարդ երկրապահներին: Խորհրդանշական է նաեւ, որ ցեղասպանության 100-րդ տարվա կապակցությամբ արարողությունը տեղի է ունենում Ծիծեռնակաբերդի բարձունքում:
Պատանի երկրապահի երդումը հայ լինելու, հայ մնալու ու հայ ժողովրդի հերոս զավակների սրբազան գործը շարունակելու սրբազան ուխտ է: Այս լեյտմոտիվն էր կարմիր թելի պես անցնում ինչպես ԶՈՒ-ի հոգեւոր հովիվ Տեր Մեվսեսի խոսքում, այնպես էլ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, մեր երկրի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ելույթներում:
Խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը շեշտեց, որ օրը խորհելու ու հպարտանալու օր է:
Օրվա կապակցությամբ ուղերձ էր հղել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: ԶՈՒ-ի գերագույն գլխավոր հրամանատարի ուղերձը փոխանցեց նախագահի խորհրդական Ավետիս Բերբերյանը:
Պատանի երկրապահների երդումը ուղերձ է բոլոր նրանց, ովքեր փորձում են սպառնալ կամ վախեցնել: Մեծացող բռունցք, որը հակառակորդներին սաստող է լինելու: Այս հիմնական ուղերձն էլ հնչեց պատանի երկրապահների շուրթերից՝ երդման արարողությունից հետո:




