
Գրաչովի ծանոթներից մեկը, ով Վանգայի աշակերտն էր եղել, Վազգենիս ասել էր. «Աստված քեզ միսիայով է ուղարկել, դու քո միսիան մինչեւ վերջ կկատարես եւ 83 տարեկանում կմահանաս: Եվ ես այդ մտքին էի: Բայց դրանում համոզված լինելով հանդերձ՝ միշտ ուշադիր էի: Պատերազմ գնար, թե մեկ այլ կարեւոր գործով, հետեւից միշտ ջուր էի շփում՝ հույսով, որ հետ է գալու»,-այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա մայրիկը:
Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.
-Գրետա մայրիկ, շնորհավորում ենք Սպարապետի 56-ամյակը եւ կիսելով Ձեր կորուստը՝ Ձեզ համբերություն ցանկանում: Բայց միեւնույն ժամանակ ուզում եմ նկատել, որ Դուք հայ ազգի այն բացառիկ մայրերից եք, որ ոչ միայն Ձեր զավակների, այլեւ ողջ ազգի մոր կերպարի հետ եք ասոցացվում: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ՝ հենց Դուք կամ ինչի՞ց է դա գալիս:
-Շնորհակալ եմ, աղջիկս: Շնորհակալ եմ նաեւ նման բնութագրի համար: Հավանաբար դա իմ տեսակից է, որ շատ հայրենասեր եմ, ժողովրդասեր: Իմ հողն ու ջուրը չափից շատ եմ սիրում եւ այդպես էլ իմ երեխաներին դաստիարակեցի: Իմ մեջ կա այդ ուժը եւ ընդգծված է այդ սերը: Եվ շնորհակալ եմ, որ ժողովուրդը դա զգաց եւ գնահատեց:
-Ճի՞շտ եմ հասկանում, որ Դուք Ձեր որդիներին մեծացրել եք ոչ միայն Ձեր, Ձեր ընտանիքի, այլեւ հասարակության եւ ազգի համար: Դրա համար էլ այսօր ազգի մոր կերպարի հետ եք ասոցացվում: -Միանշանակ համաձայն եմ: Այդպես էլ եղել է: Թե՛ Վազգենս, թե՛ Արամս, թե՛ Արմենս հասարակության, ժողովրդի, հանուն մեր ազգի, հող ու ջրի գործունեություն են ծավալել: -Իսկ ինչպե՞ս էր Սպարապետը նշում իր ծննդյան օրը:
-Նա ծննդյան օրերը չէր սիրում; Եթե նրան հիշեցնեինք, որ այդ օրը իր ծնունդն է, նա տուն չէր գա: Չէր սիրում, ասում էր, թե՝ ծնունդը երեխաների եւ կանանց համար է, աքմոթ չի՞, որ տղամարդը ծնունդ նշի: Նվերներ ստանալ էլ չէր սիրում, չնայած շատ էր ստանում թե այստեղ, թե հայրենիքից դուրս: Իսկ, երբ հարցնում էի, թե ուր են նվերները, ասում էր՝ Սոֆի դու մինչեւ հիմա չիմացա՞ր, որ նվերը նվեր տալու համար է: Նա ինձ Սոֆի էր ասում:
-Իսկ Վազգեն Սարգսյանի պատկերով մեդալիոնը ո՞վ է Ձեզ նվիրել:
-Արամս է նվիրել: Վազգենիս նկարով այս մեդալիոնը 2000 թվականից ինձ հետ է:
-Հղիության ընթացքում ցանկացած մայր հույսեր եւ երազանքներ է կապում դեռ լույս աշխարհ չեկած զավակի հետ: Վազգեն Սարգսյանին սպասելիս ի՞նչ հույսեր, երազանքներ էիք կապում նրա հետ:
-Այն ժամանակ 20 տարեկան էի: Դեռ այդպիսի պատկերացումներ չունեի: Մտածում էի, որ առողջ երեխա ծնվի: Անգամ չէի մտածում՝ տղա՞ կծնվի, թե՞ աղջիկ: Բայց 56 տարի առաջ այս օրը, առավոտյան ժամը 8-ին գնացի հիվանդանոց եւ գիշերվա 3-ին տղաս` Վազգենս ծնվեց: Ինքը դժվար ծնվեց: Երեխաները, որ ծնվում են, սկզբում ճչում են, չէ՞, բայց իր դեպքում ոչ մի ճիչ չեղավ: Քույրերը սառը ջրի մեջ մտցրեցին, նոր սկսեց ճչալ: Երեւի դժվար ծնվեց, դրանից էր:
-Ի՞նչ էիք երազում, որ նա դառնա:
-Նա փոքրուց ֆուտբոլի հանդեպ մեծ սեր ուներ: Կարծում էինք, որ սպորտսմեն կդառնա: Նույնիսկ Մոսկվայում երկու տարի ֆուտբոլային թիմում խաղաց, բայց հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին:
-Իսկ ե՞րբ սկսեցիք Վազգեն Սարգսյանով հպարտանալ: -Ինքը ի սկզբանե այնպիսի երեխա է եղել, որ միշտ հպարտացել եմ: Բայց չհասցրեցի նրանով ամենամեծ հպարտությունը ապրել: Եթե նրա կյանքը չխլեին, մենք դեռ շատ հպարտանալու առիթներ էինք ունենալու:
-Այսօր ամբողջ ազգն է նրանով հպարտանում:
-Ճիշտ է: Բայց նա այն տեսակն էր, որից միշտ ավելին էիր սպասում: Մտածում էի, որ հլը ո՜ւր էս: Մոսկվայում Գրաչովի ծանոթներից մեկը, ով Վանգայի աշակերտն էր եղել, Վազգենին ասել էր, որ Աստված քեզ միսիայով է ուղարկել, դու քո միսիան մինչեւ վերջ կկատարես եւ 83 տարեկանում կմահանաս: Եվ ես այդ մտքին էի: Բայց դրանում համոզված լինելով հանդերձ՝ միշտ ուշադիր էի: Պատերազմ գնար, թե այլ կարեւոր գործով, հետեւից միշտ ջուր էի շփում՝ հույսով, որ հետ է գալու:
-Գրետա մայրիկ, Ձեզ հերթական անգամ համբերություն եմ ցանկանում, առողջություն եւ երկար տարիների կյանք: Ձեր կյանքը բոլորիս համար է թանկ: Ինչպես նշեցիմ Դուք ոչ միայն Ձեր ընտանիքի, այլ ամբողջ ազգի համար Մեծ մայր եք:
-Շնորհակալ եմ աղջիկս:




