Հասարակություն

Ս. Կարապետյան. Ամեն ինչ անել, որ ոռոգման ջրի խնդիր չառաջանա

satikisahakyan

Գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն այս տարի նախատեսվածից ավելի վաղ են սկսվել և ոռոգման համակարգերը մինչև մարտի 1-ը պետք է պատրաստ լինեին շահագործման: Ինչպիսի՞ն է վիճակն Արմավիրի մարզում. հարցի պատասխանը տեղում ստանալու նպատակով այսօր Արմավիրի մարզում էր գյուղնախարար Սերգո Կարապետյանը։ Նա պարզել է, որ  ոռոգման համակարգերը դեռ լրիվ պատրաստ չեն շահագործաման, աշխատանքներն ընթացքի մեջ են և կավարտվեն մինչև մարտի 15-ը:

Տաք ձմեռվա պատճառով այս տարի Արմավիրի մարզի գյուղացիներն ավելի շուտ սկսեցին գյուղատնտեսական աշխատանքները: Կան համայնքներ, որոնց ցանքատարածքներում արդեն դրվել են բանջարեղենի սածիլներն ու ցանվել  կարտոֆիլ: Նրանց հույսերն արդարացնելու նպատակով պետք է ժամանակին ապահովել ոռոգման ջրով, սակայն ոռոգման ցանցերը դեռ մաքրման փուլում են:

«Մերձափնյա» ՋՕԸ գործադիր տնօրեն Արշավիր Հայրապետյանը նշեց, որ մեկ շաբաթից աշխատանքները կավարտվեն: Այս ՋՕԸ- ի սպասարկման ներքո կա 54 խորքային հոր և 3 պոմպակայան: Աշնանից սկսած հանցագործները գողացել են պոմպերը։ Ընդհանուր առմամբ՝ գողացվել է 30 տրանսֆորմատորային ենթակայան, մեկ շաբաթ առաջ գողերին հայտնաբերել և ձերբակալել են:

Գյուղնախարար Սերգո Կարապետյանը եղավ Հուշակերտի 2 պոմպակայաններում, որոնք վերջերս վերանորոգվել են և արդեն պատրաստ են շահագործման: Ոռոգման համակարգերի մի մասն անբարեկարգ ու ոչ բարվոք  վիճակում էր: Հատկապես կենցաղային աղբով էր լցված Տանձուտ գյուղի մայր ջրանցքը: Համակարգի պատասխանատուները խոստացան արագ կազմակերպել մաքրման աշխատանքները, իսկ բնակիչներին հորդորեցին մաքուր պահել ջրանցքը՝ արհեստական խոչընդոտներ չառաջացնելու նպատակով։

Անցած տարիների համեմատությամբ այս տարի ոռոգման շրջանը սկսվելու է ոչ թե ապրիլի կեսից, այլ մարտի 15-ից: Արմավիրի մարզի բոլոր ջրօգտագործողների ընկերություններին հանձնարարվել է հնարավորության սահմաններում արագ ավարտել մաքրման աշխատանքները: Գյուղնախարարը, այցելելով մարզի մի շարք համայնքներ, ևս համոզվեց, որ անելիքներ դեռ շատ կան։

Գյուղնախարարը նշեց, որ ցածրադիր գոտիներում արդեն մատակարարվում է ոռոգման ջուր, այդ թվում՝ նաև Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածքի մի քանի համայնքներում: «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ոռոգման ջրի խնդիր չառաջանա»,- ասաց Սերգո Կարապետյանը։ «Ռադիոլուրի» հարցին՝ արդյո՞ք ջրի բավարար  պաշար կա Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններին բավարար չափով ջուր մատակարարելու համար, նախարարը պատասխանեց, որ դեռ վաղ է խոսել, քանի որ սպասվում են մեծ քանակությամբ տեղումներ։

Back to top button