ԿարևորՔաղաքական

Ժամանակակից աշխարհում արդարությունը էապես հիմնված է ներքին արդարության վրա

arminegevorgyan

Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի ընդունումը  «Ռադիոլուրի» հետ զրույցում  ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը համարում է  խոշոր ձեռքբերում` հաշվի առնելով ԵԺԿ քաղաքական դերը, կշիռը և նշանակությունը։

«Եվրոպական քաղաքական վերանախավը հաստատեց իր  հավատարմությունը արժեհամակարգին: Պատահական  չէ,որ բանաձևը կոչվում է  «Հայոց ցեղասպանություն և եվրոպական արժեքներ»: Որպեսզի ամբողջությամբ գնահատենք ԵԺԿ քաղաքական համաժողովի այսօր ընդունած բանաձևը, պետք է ևս մեկ անգամ փաստել, որ ԵԺԿ-ն եվրոպական ուղղության խոշորագույն քաղաքական ընտանիքն է, որը մեծամասնություն է` թե՛ Եվրոպայի խորհրդարանում, թե՛ Եվրահանձնաժողովում»,- ասաց նա:

ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ այդ ուժի կողմից նման բանաձևի ընդունումը լրջագույն  քաղաքական հաջողություն է` Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցում։  Արմեն Աշոտյանը հատկանշական համարեց, որ Հայաստանից ԵԺԿ անդամ երեք քաղաքական կուսակցությունները` ՀՀԿ- ն, ՕԵԿ- ը եւ «Ժառանգությունը» միախմբվեցին ազգային կարևորություն ունեցող այս գործառույթը իրականացնելու համար։

ՕԵԿ խմբակացության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ նշեց ,որ  այս բանաձևի ընդունումը պետք է դիտարկել  որպես եվրոպական համամարդկային և հումանիստական արժեքների  ևս մեկ  արտահայտություն։ «Կարևոր այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը  ուղղված պետք է  լինի ներկային, և  հետագայում  էլ ցեղասպանություների կանխարգելմանը:  Պատմությունը դիսկրետ չէ ու անցյալը, ներկան ու ապագան փոխկապակցված են»։  Ըստ Մհեր Շահգելդյանի՝ այս  կարևոր որոշումն իր ազդեցությունն է  ունենալու։

«Հայոց ցեղասպանության   ճանաչումը լինելու և պատմական  արդարությունը վերականգնվելու  է»,- շեշտեց ՕԵԿ փոխնախագահը։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ  Րաֆիի Հովհաննիսյանի խոսքով էլ` մեր պայքարը պետք  շարունակենք, բայց պատրանք չպետք է տածենք , որ այն միջազգայնորեն սկուտեղի վրա մեզ կմատուցեն: Ըստ նրա՝ միջազգային արդարությունը ժամանակակից  աշխարհում էապես հիմնված է  ներքին արդարության վրա։

Նշենք, որ համաժողովի ավարտին հայկական պատվիրակության անդամները Ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվական նյութեր են բաժանել մասնակիցներին. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշեր անմոռուկներ ենք բաժանել ԵԺԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչներին»,- ասաց Արմեն Աշոտյանը։ Նա նշեց, որ եվրոպացի գործընկերներին բացատրել է, թե ինչ է խորհրդանշում Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը և ինչ բարոյական քայլ կլինի նրանց կողմից այդ խորհրդանիշի կիրառումը:

Արմեն Աշոտյան, Մհեր Շահգելդյան, Րաֆֆի Հովհաննիսյան

Կարդացեք նաև

Back to top button