

Որքանո՞վ է արդյունավետ լինելու Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդը, ինչ խնդիրներ է լուծելու և ինչով է տարբերվելու նախորդից. «Մեդիա» կենտրոնում այսօր քննարկել են նոր կառույցի ձևավորման նպատատակահարմարությունը: Կառավարությունն օրերս որոշում կայացրեց Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդ ձևավորելու մասին: Այն նախորդի նման ղեկավարելու է վարչապետը, բայց դրա կազմում, ի տարբերություն նախորդի, նախատեսվում է ներգրավել նաև ընդդիմադիր խմբակցությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:
Իմիտացիո՞ն, թե՞ իրական բարեփոխումներ. Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդ ստեղծելու մասին կառավարության որոշումը քննարկման հերթական առիթն է տվել: Ի՞նչ է փորձելու անել նոր խորհուրդը, ինչո՞վ է նրա գործունեությունը տարբերվելու նախորդից: Հիշեցնենք՝ մոտ 10 տարի համանման կառույց գործել է, այն դարձյալ ղեկավարել է հանրապետության վարչապետը, դրա կազմում ընդգրկված են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հնի և նորի միջև ֆորմալ առումով տարբերություններ կան. նախ ընդլայնվել է կառույցի կազմը: Այժմ առաջարկվում է, որ դրանում ընդգրկվեն ոչ միայն պաշտոնատար անձինք, այլ նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Երկրորդ տարբերությունն այն է, որ նոր խորհրդին կից ձևավորվելու է անկախ փորձագետներից կազմված մշտապես գործող փորձագիտական հանձնախումբ: Ըստ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ տնօրեն Վարուժան Հոկտանյանի ՝ փորձ է արվում ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Բայց խոսուն են ցուցանիշները, թե ինչ արդյունք է գրանցել նախորդ 10 տարիների պայքարը:
«Եթե դիտարկում ենք այս 10 տարիների քանակական ու որակական ցուցանիշները, ապա, ըստ դրանց, Հայաստանում կոռուպցիոն իրավիճակը չի փոխվել: Ունենք լճացում՝ առանց առաջընթացի»,- ասում է Հոկտանյանը՝ հիշեցնելով, որ այս 10 տարիների ընթացքում հակաոռուպցիոն երկու ռազմավարություն է իրականացվել և արդեն ընթացքի մեջ է երրորդը:
Պետական կառույցներ-ընդդիմադիր գործիչներ-քաղաքացիական հասարակություն- փորձագետներ. այս համագործակցության մոդելը տեսականոերն գուցե և լավն է, բայց գործնականում դրա արդյունքները դժվարանում է պատկերացնել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Ի դեպ՝ խորհրդի կազմում ներկայացուցիչ ընդգրկելու հարց ընդդիմադիր այս խմբակցությունը դեռևս չի քննարկել և որոշում առայժմ չունի: «Հրավերը կգա, կքննարկենք: Մինչև չզգանք, որ սա գործող մեխանիզմ է լինելու, ուղղակի հերթական իմիտացիոն գործընթացի մեջ ներգարվվելն անիմաստ եմ համարում: Պետք է հասկականք, թե ինչով է այս նոր կառույցը զբաղվելու»:
Ըստ կառավարության որոշման և հիմնավորումների՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին պետք է վերապահվի հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողութունը: Նախատեսվում է, որ ընդդիմադիր խմբակցությունները մեկական անդամ պետք է ունենան խորհրդի կազմում, քաղաքացիական հասարակությունը կառույցում պետք է ներկայացված լինի 2 ներկայացուչով:
Այս քանակն էլ մտահոգում է Երիտասարդ իրավաբանների ասոցիացիային: Կազմակերպության վարչության անդամ Մարատ Ատովմյանը նկատեց, որ իրենք ավելի արդյուանվետ կհամարեին, եթե խորհուրդը որպես անկախ կառույց ստեղծվեր և եթե դրանում քաղաքացիական հասարակությանն ավելի մեծ տեղ հատկացվեր: «Մենք պնդել ենք, որ ՀԿ-ներն առնվազն 5 ներկայացուցիչ ունենան: Հակառակ դեպքում՝ այդ երկու անդամը միայն ներկայություն են ապահովելու և չեն կարողանալու ազդել որոշումների կայացման գործընթացի վրա»:
Կառույցով թե առանց կառույցի՝ հիմնական գործոնը քաղաքական կամքի առկայությունն է, ինչը Վարուժան Հոկտանյանն առայժ չի տեսնում:
Մարատ Ատովմյանի ամփոփմամբ էլ՝ քանի դեռ կոռուպցիայի դեմ պայքարն ինքնանպատակ է, այդ պայքարի արդյունքները տեսանելի չեն լինելու: Փորձագետը հիշեցնում է ՝ կոռուպցիան կարողացել են հաղթահարել միայն այն երկրները, որոնք ցանկացել են դա:




