ԿարևորՄիջազգային

Նաթանյահուն կարող է ձախողել իրանա- ամերիկյան գործարքը

marlenahovsepyan

Այսօր ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ ելույթ է ունենալու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:Նա իր տեսակետը կներկայացնի Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրանա-ամերիկյան գործարքի վերաբերյալ: Արդեն մեկ տարուց ավելի Միացյալ Նահանգների և Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները  Ժնևում բանակցություններ են վարում, որոնք, ըստ Սպիտակ տան պատկերացումների, պետք է հանգեցնեն շրջանակային համաձայնագրի կնքման մինչև այս ամսվա  վերջ: BBC-ն գրում է, որ Իսրայելի վարչապետի ելույթը կարող է լրջորեն բարդացնել իրանա-ամերիկյան բանակցություններն ու  ձախողել սպասվող գործարքը:

Բենիամին Նեթանյահուին Վաշինգտոն է հրավիրել ոչ թե նախագահ Բարակ Օբաման, այլ  Ջո Բեյները՝ Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդը։ Նա հայտարարել է, որ ամերիկացիներին օգտակար կլինի լսել այն երկրի առաջնորդի տեսակետը, որին ամենաշատն է սպառնալու միջուկային զենք ունեցող Իրանը: Թեև Բեյներն ունի այլ երկրների ղեկավարներին հրավիրելու իրավունք, սակայն Բարակ Օբամայի վարչակազմը Նաթանյահուին հրավիրելու առիթով հայտնել է իր դժգոհությունը:

Սպիտակ տունը կարծում  է, որ Կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն կազմող հանրապետականները ցանկանում են ձախողել նախագահի  ծրագրերը: Սպիտակ տունն արդեն հայտարարել է, որ ներկա չի լինի  Նաթանյահուի ելույթին, Կոնգրեսում չի լինի նաև պետքարտուղար Ջոն Քերրին՝ նա մեկնել է Ժնև՝ իրանցիների հետ բանակցությունների: Գործուղման մեջ է նաև փոխնախագահ Ջո Բայդենը: Սպասվում է, որ Նեթանյահուի ելույթը կանտեսեն նաև մոտ երեք տասնյակ դեմոկրատ խորհրդարանականներ:

Ի դեպ՝ Նաթանյահուի ելույթի նախօերին Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման համոզմուն է հայտնել, որ  Իրանը պետք է սառեցնի իր միջուկային ծրագիրը: Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագիր կնքելու համար Թեհրանը պետք է առնվազն 10 տարով սառեցնի այն։ «Իրանի հետ պայմանավորվելու շանսերը շատ փոքր են, ցանկացած այլընտրանք ավելի վատը կլինի»,- «Ռոյթեր» գործակալությանն ասել է Բարակ Օբաման:

Back to top button