

Ի պաշտպանություն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ՀՀ հասարակական դաշինքի անդամները հերթական նամակն են ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին: «Այսօր ավելի ուժեղ ենք, քանի որ պետական մակարդակով են մեզ աջակցում»,- հայտարարել է դաշինքի անդամ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ առաջարկելով նամակը նաև սոցցանցերով տարածել:
Տեղեկացնենք, որ նամակների պատճառը Թուրքիայի՝ ՄԱԿ-ի եվրոպական կառույցները Ստամբուլ տեղափոխելու առաջարկն ու նախաձեռնությունն է: Նախորդ նամակներից դրական արձագանք արդեն ստացվել է, Հայաստանին առաջարկվել է անմիջապես աշխատել Նյու Յորքի և ոչ թե Ստամբուլի հետ:
Հասարակական դաշինքի անդամները, սակայն, չեն պատրաստվում այսքանով սահամանափակվել: Ինչպես արդեն նշեցինք, նրանց միացել են իշխանությունները: «Հանրությունը նույնպես պետք է զորակցի, որ շարժումն ավարտվի հստակ նվաճումով»,- հայտարարել է Լարիսա Ալավերդյանը:
«Իշխանությունները սկզբում շատ նուրբ էին վերաբերվում հարցին, նաև մեզ էին կոչ անում չխառնվել: Կարծում եմ՝ դա կապված էր հայ-թուրքական արձանագրությունների հետ: Այժմ, սակայն, իրավիճակը փոխվել է, և իշխանությունների դիրքորոշումը նույնպես փոխվել է ու շատ հստակ է»,- հավելել է բնապահպանը:
Մեկ ու կես տարի. հենց այսքան ժամանակ է , որ հասարակական 22 կազմակերպությունները դաշինք են կազմել և այն անվանել՝ «Ի պաշտպանություն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ՀՀ հասարակական դաշինք»: Նրանք մի քանի անգամ նամակներ են ուղարկում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Կի Մունին: Պատճառը Թուրքիայի՝ ՄԱԿ-ի եվրոպական կառույցները Ստամբուլ տեղափոխելու առաջարկն ու նախաձեռնությունն է: ՄԱԿ-ի կանանց հարցերով զբաղվող հանձնաժողովն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մանկական հիմնադրամի որոշ ծրագրեր արդեն Ստամբուլում են: Հայերիս անհանգստացրել է UNDP-ի՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Ստամբուլ տեղափոխվելը: Ծրագիրը Հայաստանի հիմնական գործընկերն է: Տեղափոխումը նշանակում է, որ Հայաստանը ՄԱԿ-ի հետ կապված որևէ խնդիր պետք է բարձրացնի Ստամբուլի միջոցով:
Դաշինք կազմած 22 կազմակերպությունները այս կամ այն ձևով աշխատում են ՄԱԿ-ի հետ, ուսումնասիրել են ՄԱԿ-ի կանոնադրությունն ու համոզվել, որ Թուրքիան բացարձակապես չի համապատասխանում այն երկրի պահանջներին, որը կարող է ընդունել ՄԱԿ-ի տարածաշրջանային կառույցներին: Անգամ ամենավերին ատյաններով բազմիցս փորձ է արվել կանգնեցնել նախաձեռնությունը՝ « փոքր ու թույլ ազգ ենք, մեզ լսող չկա» պատճառաբանություններով:
Սակայն, իրականությունը բոլորորվին այլ է, նախորդ նամակների հետքերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանագնացն է հանդիպել Դաշինքի անդամների հետ: Վերջին նամակին նաև Հայաստանի իշխանություններն են միացել։
«Հայաստանին առաջարկվել է անմիջապես աշխատել գլխավոր կայանի՝ Նյու Յուրքի հետ,իսկ եթե տարածաշրջանային խնդիրներ են առաջանում, կարելի է ընտրել Խաղաղօվկիանոսյան, Ասիական ռեգիոնը»,- նախորդ հանդիպումների արդյունքը ներկայացրեց ՀՀ հասարակական դաշինքի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը։
Սա առաջընթաց է, բայց՝ ոչ մեծ: Համենայնդեպս՝ ՄԱԿ-ում խնդիրն արձանագրված է: Իսկ ամեն անգամ հղվող նամակներում Դաշինքի անդամները ուսումնասիրում են Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները, դրանք արձանագրում ու ներառում նաև նամակների մեջ: Հերթական նամակն ուղարկել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ. արարողակարգն է այդպիսին, նրանք պետք է ուղարկեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։
Դաշինքի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ հայության և Հայաստանի համար այդքան կարևոր ՄԱԿ-ի հետ աշխատակցության հնարավորությունները հարևան Թուրքիայում լրացուցիչ դժվարություններ են ստեղծելու։ «Մենք գտնվում ենք մի երկրի հարևանությամբ, որը շատ կամընտրական է իր պատավորություններում թե ՄԱԿ-ի, թե ԵԽ-ի դեպքում»։
Ազգագրագետը նաև մտավախություն ունի. «Վախենում եմ ասել, բայց ենթադրում եմ՝ նաև ոչ այնքան մաքուր ճանապարհներով՝ կաշառելով, թե այլ դիվանագիտական մեթոդներով, կարողանում է (Թուրքիան) իր վրա նվազագույն պարտավորություններով, մաքսիմալ շահ ձեռքբերել»։
«Այսօր ավելի ուժեղ ենք, քանի որ պետական մակարդակով են մեզ աջակցում»,- ասում է դաշինքի ևս մեկ անդամ՝ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը, ով առաջարկում է նամակը նաև սոցցանցերում տարածել:
Հանրությունը նույնպես պետք է զորակցի, որ այս շարժումը ավարտվի հստակ նվաճումով, ասում է Լարիսա Ալավերդյանը։ «Այսինքն՝ մենք պետք է հստակ ասենք, որ այլևս չի կարելի թույլ տալ, որ, լինի ՄԱԿ-ը, լինի այլ ատյան, շարժվի զուտ փողային կամ այլ հարմարություններով: Գոնե կանխենք մյուս կառույցների տեղափոխումը»։
Եվ ներկայացնենք մի հատված Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Կի Մունին ուղղված նամակից. « 2014 թ (Սիրիայում և Իրաքում) և 2015թ (Եվրոպայում) տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ստիպում են մեզ՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին , ՄԱԿ-ի եվրոպական կառույցների Թուրքիա՝ Ստամբուլ, տեղափոխելու խնդրի վերաբերյալ նամակով կրկին դիմելու Ձեզ:
Խոր ափսոսանքով կարելի է արձանագրել, որ ժամանակակից աշխարհի առաջ կագնած է արմատական մահմեդականության գաղափարախոսության և մնացյալ աշխարհի, մասնավորապես՝ քրիստոնեական քաղաքակրթության միջև հակամարտության իրական առճակատում: Կտրուկ ակտիվացել են ահաբեկչական գործողությունները, տեղի է ունեցել խաղաղ բնակչության ջարդ Իրաքում և Սիրիայում: Թուրքիայում մարդու իրավունքների վիճակը կտրուկ սրվել է պարոն էրդողանի կառավարման տարիներին: HUMAN RIGHT WATCH միջազգային կազմակերպությունն իր 2014թ զեկույցում նշում է.«Ռեջեփ Թայիպ էրդողանի և «Արդարություն ու զարգացում» կուսակցության ղեկավարության տակ գնտվող Թուրքիան նշանակալի քայլ է արել օրինականության թուլացման ուղղությամբ, վերահսկողություն է սահմանել զանգվածային լրատվամիջոցների ու ինտերնետի, քննադատության ու բողոքի ցույցերի վրա»: Ավելին՝ այն հանգամանքը, որ Թուրքիան շարունակում է ժխտել 1915թ հայերի ցեղասպանության փաստը , ինչպես նաև հռչակված «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունից ակնհայտ հետընթացը, վկայում են, որ համամարդկային արժեքների տեսությունն ու գործարկումն իրականցնող միջազգային հանրության հետ իրական գործընկեր դառնալու համար Թուրքիան դեռ երկար ճանապարհ պիտի անցնի: 2015թ հատուկ՝ ուղենիշային տարի է Հայաստանի պատմության մեջ՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարի: Մենք համոզված ենք, որ համաշխարհային քաղաքականության մեջ հենց չպատժված , չդատապարտված ցեղասպանությունն է ծնել ուժեղի, ամենաթողության, անվիճելի իրավունքի մասին համոզվածությունը և հետագա տարիներին մարդկության դեմ գործած հանցագործությունները: Հայտնի է, որ հիմնավորելով ու նախապատրաստելով հրեական ժողովդրի Հոլոքոստը, Հիտլերը հայտարարում էր. «Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածը»:
Մենք համոզված ենք, որ ժամանակակից մարդկության խաղաղ , կայուն զարգացման, ժողովրդավարական և արդարացի համաշխարհային կարգուկանոնի կարևորագույն նախադրյալներից մեկը համաշխարհային կրոնների փոխըմբռնումն ու համագործակցությունն է, և ՀՀ կարող է բոլոր ժողովուրդների երկխոսության ասպարեզ դառնալ: Մենք կողջունենք ու կսատարենք այդ ուղղությամբ ՄԱԿ-ի ակռույցների ցանկացած նախաձեռնություն»,- ասված է «Ի պաշտպանություն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ՀՀ հասարակական դաշինք»- ի անդամների ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին ուղղված վերջին նամակից:




