Հասարակություն

Միսաք Մանուշյանի խմբին նվիրված հայ- հրեական համատեղ միջոցառում

Փետրվարի 26-ին Փարիզի Հայ առաքելական եկեղեցու հանդիսությունների սրահում տեղի ունեցավ հայ-հրեական համատեղ արարողություն` նվիրված Ֆրանսիայում Դիմադրության շարժման առաջնորդներից մեկի` Միսաք Մանուշյանի և նրա խմբի 23 անդամների գնդակահարության 71-րդ տարելիցին, հայտնում են ՀՀ ԱԳՆ- ից։

Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի գլխավոր րաբբի Հայիմ Կորսիան և Հայ նախկին ռազմիկների ու դիմադրողականների միության նախագահ Անտուան Բագդիկյանը:

Անտուան Բագդիկյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն Ֆրանսիայի զոհված հերոսների, ինչպես նաև 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների և ներկայումս Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների անմեղ զոհերի հիշատակը:

Միջոցառմանը ներկա գտնվեց և ելույթով հանդես եկավ Մանուշյանի խմբի անդամ, 98-ամյա Արսեն Չաքըրյանը՝ պատմելով ներկաներին նացիստական ուժերի դեմ խմբի գործողությունների մասին իր հիշողությունները:

Ֆրանսիայի հայերի և հրեաների կողմից ամեն տարի համատեղ անցկացվող՝ նացիստական օկուպացիայից Ֆրանսիայի ազատագրման համար զոհված հերոսների հիշատակի միջոցառումը իր մեջ կրում է ցեղասպանության զոհ դարձած և աշխարհով սփռված երկու ժողովուրդների միասնության և համերաշխության մեծ խորհրդանիշ:

Այս օրերին դեսպանության մասնակցությամբ Միսաք Մանուշյանին նվիրված միջոցառումներ են անցկացվում ինչպես Փարիզում, այնպես էլ Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքներում՝ Իվրիում, Մոնտրոյում, Կլամարում և այլուր։

Կարդացեք նաև

Back to top button