Վոլոդյա Ավետիսյանի գործով կդիմեն Եվրադատարան
Փաստաբան Արա Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է իր պաշտպանյալ Վոլոդյա Ավետիսյանի գործի ընթացքի վերաբերյալ մանրամաներն ու իրենց կողմից հետագայում ձեռնարկելիք քայլերը: Նշելով, որ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Վոլոդյա Ավետիսյանի բողոքը վարույթ չընդունելու մասին՝ փաստաբանը շեշտել է, որ այդպիսով սպառվել են ՀՀ-ում գործի քննության բոլոր ատյանները, խնդիրն այլեւս չի կարող լուծվել մեր երկրի դատական ատյաններում, հետեւաբար՝ հիմա պաշտպանական կողմը պատրաստվում է դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի վճռով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, ինչից հետո պաշտպանը դիմել էր ՀՀ Վերաքննիչ, ապա` նաև ՀՀ Վճռաբեկ դատարան, որոնք, սակայն, մերժել էին Ավետիսյանի և նրա պաշտպանի բողոքները:
Արա Զաքարյանը կարծիք է հայտնել, որ թեև Եվրոպական դատարանում գործի լսումները մի քանի տարի կտևեն, սակայն դատարանն անպայման Վոլոդյա Ավետիսյանի իրավունքների խախտում կարձանագրի: