

Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանն այսօր խորհրդարանին ներկայացրել է 2013 թվականի գործունեության մասին հաղորդումը: Բայց պատգամավորներին հիմնականում հետաքրքրում էր նաեւ այլ հարցեր:
Օրինակ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց Հանրային Ռադիոյի հետ կապված մի հրատապ հարց:
«Հանրային Ռադիոյի միասնական հաճախականության հարցը այսօր, ես կարծում եմ, որ ամենամեծ խնդիրներից մեկն է Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում: Որովհետեւ Հանրային Ռադիոն այսօր ողջ Հանրապետությունում իբր սփռում ունի, բայց մարզից մարզ տեղափոխվելիս մեր ռելիեֆի հետ կապված պետք է նորից փնտրես գտնես ու այդ փնտրելու պրոցեսում մենք համոզվում ենք, որ մեր տարածքում թուրքերեն, ադրբեջաներեն ռադիոները ավելի ուժեղ են: Աստված չանի, բա մի արտակարգ իրավիճակ, որ լինի, որտեղ ռադիոյով ինտենսիվ ճանապարհին գտնվող մարդիկ ինչ որ տեղեկատվություն ստանալու կարիք ունեն: Բա ո՞նց են այդ տեղեկատվությունը ստանալու: Կարծում եմ սա այն խնդիրն է, որ չափազանց հրատապ լուծման կարիք է զգում»:
Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը հարցին ի պատասխան նշեց.
«Հարցը բավականին լուրջ է, մենք տեղեկացված ենք: Իհարկե, ուղիղ մեր գործառույթների մեջ չի մտնում, բայց հավաստիացնում եմ, որ այդ խնդիրը կա եւ Հանրային Ռադիոն, պարոն Ամիրյանը ակտիվ այդ խնդրով զբաղվում է, այդ խնդիրը բարձրացված է եւ քննարկման թեմա է»:
Վերջինս հայտնեց, որ հաշվետու տարում ՀՀ տարածքում գործել է թվով 97 հեռուստաընկերություն, որից 44-ը վերգետնյա եթերային, 53 կաբելային եւ մալուխային հեռարձակում իրականացնող թվով 20 ռադիոընկերություն: Ի պատասխան պատգամավորների հարցերին Գագիկ Բունիաթյանը հայտարարել է, որ որեւէ կուսակցություն այսօր պաշտոնապես որեւէ հեռուստաընկերություն չունի:




