Հասարակություն

Ավետիսյանների սպանության դրդապատճառները բացահայտված են, կարծում է լրագրողը

arminegevorgyan

Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները պահանջում են գործի արագ, արդյունավետ քննություն, նրանք տեղեկատվության կարիք ունեն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Անահիտ, Լուսինե Ավետիսյանների, Եգոր Ադամյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը:

 Իսկ Գյումրիի «Ասպարեզ» միության նախագահ Լևոն Բարսեղյանը նկատում  է,որ Ավետիսյանների սպանության դրդապատճառները բացահայտված են, սակայն դրանք այնքան դառն ու դաժան են, որ պատկան մարմինները վախենում են ներկայացնել հանրությանը:

«Ամեն ինչ թղթով ճիշտ է Աղվան Հովսեփյանի և Գևորգ Կոստանյանի մոտ, բայց ստացվում է, որ նրանք ՌԴ իրավապահ համակարգի արտահաստիքային աշխատակիցներն են,- ասում է  Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Լևոն Բարսեղյանի խոսքով՝ Ավետիսյանների սպանության դրդապատճառները բացահայտված են, սակայն դրանք այնքան դառն ու դաժան են, որ պատկան մարմինները վախենում են ներկայացնել հանրությանը:

Ըստ նրա՝ եթե կատարվածը կենցաղային բնույթի լիներ, վաղուց կհայտարարվեր սպանության մանրամասների մասին: «Սպանվածների հարազատների զայրույթը, պարզապես, նորոգվեց Ավետիսյանների քառասունքի օրը: Նրանք որոշել էին հենց քառասունքի օրը նստացույց անել ռուսական հյուպատոսության առջև, սակայն մենք նրանց համոզեցինք ապարդյուն քայլերի չգնալ»։

Հիշեցնենք,որ   Ավետիսյաների իրավահաջորդները հանդիպել էին Շիրակի մարզի դատախազ  Րաֆֆի Ասլանյանի հետ ու պահանջում էին օր առաջ բացահայտվել ոճրագործությունը։ Նրանք հայտարարել էին,որ պատրաստ են արմատական քայլերի, եթե չստանան իրենց հարցերի պատասխանները: Նրանք ասում են, որ փողոց կհանեն ողջ Գյումրին, պատրաստ են նաեւ ինքնահրկիզման, միայն թե տեղեկություն ստանան, թե ինչու են սպանվել իրենց հարազատները եւ արդյո՞ք մեղավորը պատասխանատվություն կկրի:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված որոշ փորձաքննությունների արդյունքներ ստացվել են, որի մասին Քննչական կոմիտեն կտեղեկացեն ավելի ուշ: Նկատենք, որ փորձաքննությունները կարող են տալ շատ հարցերի պատասխաններ. հանցագործը մենա՞կ է գործել, բոլորը սպանվել են նո՞ւյն ինքնաձիգից,  ինքնաձիգի վրա եղե՞լ է արդյոք խլացուցիչ եւ այլն:

Ավետիսյանների իրավահաջորդները հորդորում են չթաքցնել այդ ամենը եւ չպատճառաբանել, թե այդ տեղեկությունները նախաքննական գաղտնիք են պարունակում: Նրանք տեղեկատվության պակաս ունեն, և  գործի քննության մասին նրանք տեղեկանում են միայն լրատվամիջոցներից:

«Ես ամեն օր քննելուց առաջ սպասում եմ, որ ինձ կզանգեն և որևէ բան կհաղորդեն քննության մասին, բայց այդպես էլ չեն զանգում: Ես պահանջում եմ, որ նրանք ավելի շատ ինֆորմացիա տան»,- ասում է Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը։

Նա նշեց, որ իրենք օրենքով սահմանված կարգով ստանում են նյութերը, պարզապես տուժողներն ակնկալում են, որ նախաքննությունը հնարավորինս արագ ավարտվի:

Անդրադառնալով գործում այլ փաստաբաններ ներգրավելուն` Սարգսյանը հայտնեց, որ այդ հարցն իրավահաջորդների հետ հենց սկզբից է քննարկվել։ «Մենք հայտարարությամբ հանդես կգանք՝ ցանկացած փաստաբան, ով ցանկանա անվճար հիմունքներով ներկայացնել տուժողների շահերը, կարող է կապվել իրավահաջորդների հետ, նրանց հետ հանդիպումից հետո ներգրավվել գործի քննությանը»։

Լուսինե Ավետիսյանն էլ, խոսելով Պերմյակովի և իր ընտանիքի անդամների հետ հնարավոր կապի մասին, նշեց, որ Պերմյակովն ընդամենը մեկ ամսվա ծառայող էր և չէր կարող կապ ունենալ: Նա նաև հայտնեց, որ իրենց տանից արժեքավոր իրեր չեն տարել, մոր և քրոջ վրա ոսկեղեն է եղել, որը մնացել է:

Հիշեցնենք,որ Գյումրի քաղաքում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանություն։ Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:

Դեպքից հետո Գյումրիում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, պահանջը մեկն էր՝ Պերմյկովին հանձնել հայ իրավապահներին, նրա դատավարությունն անցկացնել Հայաստանում՝ հայաստանյան օրենքներին համապատասխան:

Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: Պատասխանը դեռևս չի ստացվել։

Back to top button